Բաժիններ՝

Թրամփն ափսոսացել է, որ Մյուլլերի հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսացել է, որ 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել Մոսկվայի հետ եւ միասին «հիանալի գործեր» կատարել:

Այդ մասին ասված է լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի նոր գրքում, որը հիմնված է այդ թվում Միացյալ Նահանգների ղեկավարի հետ 18 բացառիկ հարցազրույցների վրա։

ԱՄՆ-ի նախագահին նվիրված «Ցասում» (Rage) վերտառությամբ գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 15-ին: «Մենք կարող էինք այնպիսի հիանալի գործեր կատարել Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի վերաբերյալ այդ շինծու հետաքննությունը, որն, ինչպես այժմ պարզվել է, սկսվել է խաբեության միջոցով, շահադիտական նպատակով եւ անօրինականորեն, խանգարեց մեզ»,- մեջբերում է լրագրողն ԱՄՆ-ի նախագահի խոսքը:

Թրամփը պնդել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը նունպես իրեն ասել է այդ մասին հանդիպումներից մեկի ժամանակ: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղսագրում են միջամտություն 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին: Ազդեցության այդ իբր տեղ գտած փորձերի հետաքննությամբ գրեթե երկու տարի զբաղվել է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: 2019 թվականի ապրիլի 18-ին արդարադատության նախարարությունը հրապարակել է նրա ամփոփիչ զեկույցը, որտեղ հատուկ դատախազը խոստովանել է, որ ընտրությունները շահած Թրամփի նախահամաձայնություն չի հայտնաբերել ՌԴ-ի հետ:

Միացյալ Նահանգների ղեկավարն ինքը բազմիցս ժխտել է նախագահական ընտրարշավի շրջանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց հետ որեւէ անիրավական շփման կասկածանքները: Մոսկվան նույնպես անհիմն է համարել ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս