Վարդենիսում լարված իրավիճակ է. ամբաստանյալի հարազատները փակել են դատարանի մուտքերը և պահանջում են նրան ազատ արձակել. News.am
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի մուտքերն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, վարդենիսցիները փակել են՝ պահանջելով ազատ արձակել շուրջ 4 տարի առաջ Սոթքի ոսկու հանքավայրում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վահագն Մանուկյանին։
NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալի կինը՝ Դիանա Խաչատրյանը, պատմեց, որ իր ամուսինն այդ քրեական գործի հետ որեւէ առնչություն չի ունեցել. նա միայն այդ տարածքում է եղել։
«Սոթքի ոսկու հանքում 3,5 տարի առաջ կրակոցներ են հնչել։ Վահագնը հանքի տարածքում էր, իրեն ձերբակալել են, որովհետեւ իր մոտ ինքնաձիգ է եղել։ Հանքի անվտանգության աշխատակիցը, ազգությամբ ռուս մոտեցել է իրեն եւ վերցրել զենքը։ Հիմա վարույթն իրականացնող մարմինը հայտարարում է, թե Վահագնի զենքից է կրակոց հնչել եւ կպել է աշխատակցի ոտքին»,- պատմեց ամբաստանյալի կինը։
Նրա խոսքով՝ շուրջ 3,5 տարի տեւող դատաքննությանը գործով տուժողը դատարան չէր հրավիրվել. «Ավտանգության աշխատակցին չէին բերում դատարան, որպեսզի ցուցմունք տար։ Ասում էին՝ չենք կարող բերել, երկրում չի։ Մեր միջոցներով, համացանցով գտել ենք իրեն։ Նա շոկի մեջ էր, երբ իմացավ՝ Վահագն ազատության մեջ չէ, որովհետեւ իրեն ասել էին, թե Վահագն ազատության մեջ է։ Նախորդ դատական նիստին անվտանգության աշխատակիցը եկավ դատարան, ցուցմունք տվեց ու ասաց, որ Վահագնը իր վրա չի կրակել։ Նա ընդամենը Վահագնի ձեռքից վերցրել է զենքը ու այդ պահին կրակոց է արձակվել, ասաց, որ ոչ մի բողոք չունի։ Այս գործով շատ կեղծիքներ են եղել։ Ռուս աշխատակիցն իր բերանով դատարանում հայտարարեց, որ իրեն քննիչն ասել է՝ ասա, որ Վահագն է կրակել, սակայն ինքը չի գրել նման ցուցմունք»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: