«Ժամկետայինների ծնողներից զանգերը ռեկորդային չեն, նրանք ըմբռնումով են մոտենում սահմանափակումներին». Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, կշարունակեն արգելվել պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները, տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին, և այլն:

Սոցիալական ցանցերում և մամուլում հրապարակումներ եղան, թե Պաշտպանության նախարարությունը ռեկորդային թվով զանգեր է ստանում ժամկետայինների ծնողներից՝  թույլատրել իրենց զավակներին տեսնել:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը վստահեցրեց, որ այդ խնդրով զանգերը ռեկորդային չեն:

«Իհարկե, օրվա ընթացքում հետաքրքրվողներ լինում են, և ծնողները բավականին ըմբռնումով են մոտենում: Մենք հասկանում ենք իրենց, բայց զինվորի առողջությունը փոխկապակցված է բանակի մարտունակությանը, և սա հիմա ամենաարդյունավետ տարբերակն է: Եթե համավարակի հետ կապված պատկերը կտրուկ փոխվի, բանակում էլ կվերանայվեն սահմանափակումները»,- ասաց նա:

Հավելենք, որ պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

Տեսանյութեր

Լրահոս