Բաժիններ՝

Մարզերում և Երևանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից հայտնաբերվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին հերթական ուժեղացված վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել ՀՀ Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում, Երևանի Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Արմավիրի մարզում Տեսչական մարմնի աշխատակիցները ժամը 08:45-ից սկսած ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմավիր» երկաթգծի կայարանում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում իրականացված վերահսկողական աշխատանքների և դիտարկման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում, որտեղ մեքենայի սրահում եղել են առանց դիմակի ուղևորներ։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Երևանի Նոր-Նորք, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակից ավելի դեպքեր։

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ ՀՀ ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս