«Ինձ համար իր քայլը մեծ անակնկալ է եղել». Սոֆյա Հովսեփյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ԱԺ կրթության հարցերի հանձնաժողովն իրականում մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ, այդ թվում՝ սպորտի բնագավառի մասով, որի հետ կապված էլ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր մանդատը վայր դնելու որոշման մեջ նշել էր։
«ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էր հիմնական տարաձայնությունը, որը համակարգում էր սպորտի ոլորտը, և այս խնդիրը, որը կար, բավականին երկար էր, գուցե հաղորդակցությունը պատշաճ չի կատարվել, և դա էլ պատճառ եղավ հետագա քայլերը որոշելու համար։ Ակնհայտ խնդիրներ չի եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, ապա դրանք երբեք ի ցույց չի դրվել հանձնաժողովի նիստում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Պատգամավորի խոսքով՝ նման տարաձայունթյունների դեպքում պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշումն անհատական հարց է, գուցե ինքը չհրաժարվեր, սակայն փաստ է, որ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվեց։
«Ինքս նախ՝ շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու որակը, շատ ափսոսում եմ, որ ինքն այլևս ցանկություն չի հայտնել շարունակելու մեզ հետ, որովհետև այն, ինչը ինքը կարող էր անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չէին կարող անել սպորտի ոլորտում»,- հավելեց նա։
Սոֆյա Հովսեփյանը դժվարացավ ասել, թե արդյո՞ք Արսեն Ջուլֆալակյանի օրինակին կարող են հետևել նաև այլ պատգամավորներ՝ ենթադրություններ չի կարող անել, անգամ Ջուլֆալակյանի հրաժարականի պահը չէր տարորոշվում. «Ինձ համար իր քայլը մեծ անակնկալ է եղել, այնպես որ, գիտեի, որ իր համար կա, այսպես ասած, ոչ կոմֆորտ վիճակ, բայց որ հանգուցալուծումը կարող էր այսպես շատ կտրուկ լինել՝ չէի կարող ասել։ Պատճառների մասին, կարող եմ ասել, որ իրեն ճանաչելով, պետք է նրա խոսքին հավատանք, որ այո, ունեցել է տարաձայնություններ պարոն Հարությունյանի հետ»։
Նա նաև հույս հայտնեց, որ դեռ մեկ շաբաթ կա, գուցե Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը փոխի։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել էր Ա. Ջուլֆալակյանը։