Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

«Օրենքների ընդունման արդյունքում կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը, կկրճատենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը 7 օրից՝ տեղում»,- նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բարեփոխումների արդյունքում․

  • Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում:
  • Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձրել են ք 15 օր։
  • Կկրճատվեն ուղղում, փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր:
  • Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 օր։
  • Կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:
  • Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում․
  • ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացվեն նաև օնլայն հարթակի միջոցով։
  • Կընդլայնվեն պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։
  • Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր (սրա արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ):
  • Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռնվի:
  • Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին:

Նախագծերի փաթեթով կբարձրանա նաև մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝

  • Կուսակցությունների գրանցումը կդառա 50 հազար դրամ,
  • Իրավաբանական անձի վերակազմակերպումը կդառնա 50 հազար դրամ,
  • Անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ,
  • ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ և այլն։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս