Ռոբերտ Քոչարյան. Կարևորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է

Ես երբեք PR-ով չեմ զբաղվել: Ես միշտ խնայել եմ ժամանակը կատարված աշխատանքը լուսաբանելու համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով իր դեմ հակաքարոզչության մասին հարցին:

«Վերջերս իմ հարցազրույցներից մեկից հետո հայտնի քաղաքական գործիչներից մեկն ասաց ինձ. «Ռոբերտ, ինչու՞ PR-ով չես զբաղվել»: Չեմ զբաղվել, քանի որ չէի ուզում ժամանակ վատնել: Երկիրը զարգանում էր արդեն 10 տարի, տնտեսական աճի միջին տեմպը 10.5 տոկոս էր: Այդ ժամանակ աշխարհում այդպիսի 5 երկիր կար: Մենք հնգյակում էինք: Անցած յոթ տարվա ընթացքում տարեկան աճի տեմպը 12.5 տոկոս է կազմել: Օրինակի համար` այս տարվա բյուջեն 4.9 տոկոս է` 5 տոկոսից պակաս, եւ ասում են, որ դա թռիչքային աճ է: Ինձ համար դա ամոթալի ցուցանիշ կլիներ, ամոթ կլիներ դուրս գալ մարդկանց մեջ: Բայց մենք չէինք խոսում` կարծելով, որ նախ պետք է աշխատել, իսկ մարդիկ հետո դա կգնահատեն: Ես բնույթով մի փոքր կոշտ եմ: Ես չեմ կարող սենտիմենտալ ելույթներ ունենալ, ձեւացնել»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա` հավանաբար ձեռքբերումները ցույց տալու իր անկարողությունն էր «լեգենդների» հայտնվելու պատճառ դարձավ: «Եվ հետո: Առաջին օրվանից ես նպատակ չէի դնում ընդմիշտ իշխանություն մնալ: Ես կարծում էի, որ ժամկետը կավարտվի, ես կհեռանամ: Թող մտածեն այն, ինչ ուզում են: Կարեւորն այն է, որպեսզի ինքդ համոզված լինես, որ արել ես այն ամենը, ինչ կախված է եղել քեզանից: Ինչպես ասում է հռոմեական ասացվածքը` արեցի այն, ինչ կարող էի, եւ ով կարող է, թող ավելի լավ անի: Կսիրեն, թե ոչ, կընդունեն, թե ոչ` Աստված իրենց հետ: Հնարավոր չէ լավը լինել բոլորի համար: Կարեւորն այն է, որ հաջողվեց փաստացի փոխել իրավիճակը երկրում»,- եզրափակեց նախկին նախագահը:

News.am

Տեսանյութեր

Լրահոս