«Ոնց էլ լինի՝ կհանդիպենք, էլի, վերջապես իմ նախարարն է, մի օր կհանդիպենք». թիվ 114 դպրոցի տնօրեն
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը սեպտեմբերի 2-ից վերականգնվել է աշխատանքում: 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես հայտնեց. «Անկեղծ ասած, դեռ չեմ պատկերացնում՝ ինչ գործընթաց է եղել: Նախարարը շատ անակնկալ կերպով հրամանը չեղյալ է հայտարարել. ենթադրում եմ՝ երևի թե համոզվեց, որ վերջին զանգի արարողություն չի եղել… Չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն դեպքում, նախարարի կողմից է չեղյալ հայտարարվել հրամանս, շատ շնորհակալ եմ, շատ տրամադրված սկսել եմ նորից աշխատել»:
Ռուզաննա Կոստանյանը նշեց նաև, որ չի հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ հարցին՝ հանդիպում նախատեսվո՞ւմ է, այսպես արձագանքեց.
«Դեռ չգիտեմ, բայց ոնց էլ լինի՝ կհանդիպենք, էլի, վերջապես իմ նախարարն է, մի օր կհանդիպենք»:
Ի դեպ, Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ դպրոցը պատրաստվում է նոր ուսումնական տարուն՝ ԿԳՄՍ նախարարության հրապարակած նոր կարգուկանոնին համապատասխան:
Հիշեցնենք, որ Երևանի թիվ 114 դպրոցում մայիսի 25-ի ավարտական վկայականների հանձնման արարողության «միջոցառումը» հայտնվել էր իշխանությունների դիտակետում։
Այդպես՝ հունիսի 4-ին Փաշինյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել Երևանի Խաչիկ Դաշտենցի համար 114 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումից, որը վերնագրել էր. «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Վերջին զանգից՝ վերջին պար: Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք՝ որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են: Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»։
Հրապարակումից հետո տնօրենը խիստ նկատողություն էր ստացել: Այնուհետև 114 դպրոցի շրջանավարտները բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նույնիսկ կազմակերպել ստորագրահավաք՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի․ նրանք պնդում էին՝ տեղի ունեցածը «հինգ րոպեանոց ինքնաբուխ անակնկալ» էր եղել:
Ինքը՝ տնօրենը, դատի էր տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու հրամանը: