Լավրովն Արցախյան հիմնահարցի կարգավորման նոր առաջարկներով հանդես չի գա․ իսկ ո՞վ դա կանի

«Նոր առաջարկներ, նոր մոտեցումներ են պետք»,- այս մասին օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշելով, որ բանակցությունների սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա:

«Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաև այդ` «Մադրիդյան առաջարկները»: Այս առումով, կարծում եմ՝ քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց ո՞րն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը»,- ընդգծել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նման դիրքորոշում էր հայտնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ծավալուն մամլո ասուլիսի ընթացքում։ Նա նշել էր, որ արցախյան կողմի համար կարևորն անվտանգությունն է, իսկ զիջումները խոցելի են դարձնում անվտանգությունը։ «Մենք պետք է նաև ռեալիստ լինենք, մենք գիտենք, որ տասնամյակներով այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի: Հնարավոր չի, չենք տեսնում դա: Դրա համար մեր բանակի հզորացման շնորհիվ պարտադրել հակառակորդին հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս-քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որը, հնարավոր է՝ բերի Ղարաբաղյան խնդրի գոնե մասնակի լուծման: Ամբողջական լուծում հնարավոր չէ: Կոսովոն էլ ամբողջապես լուծված չէ անկախության… բայց գոնե ինչ-որ առումով լուծված է այդ ամենը»,- ասել էր Արցախի նախագահը։

168am-ի հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ լիովին նոր մոտեցումներ և առաջարկներ ներկայացնելը չափազանց բարդ է լինելու։

«Որովհետև որքան ես եմ հասկանում ու ես եմ տեղյակ, նախկինում քննարկված բոլոր փաստաթղթերում եղել են բազային սկզբունքները, որոնք բխել են Հայաստանի ու Ադրբեջանի շահերից, և կողմերից յուրաքանչյուրը կառչած է եղել դրանցից միայն մեկին, քանի որ մյուսի դաշտում արդեն ենթադրվում են զիջումներ։ Ինչպիսի նոր փաթեթ պետք է մշակվի, որը բացառի զիջումներ կողմերից, դա հնարավո՞ր է։ Եթե մենք ձգտում ենք վերջնական կայուն կարգավորման, որը կբերի խաղաղության տարածաշրջանում, հարկավոր է համաձայնության գալ փոխզիջումային մեխանիզմների շուրջ։ Սա է առանցքային հանգամանքը։ Եթե չկա Մադրիդյան բազան, ուրեմն պետք է ձևավորվի մեկ այլ բազա, իսկ ինչի վրա պետք է լինի այդ բազան, եթե հակամարտության գոտում իրողությունները նույնն են, կողմերի դիրքորոշումները և տրամադրվածությունը նույնն են, համանախագահներինը՝ ևս»,- ասաց վերլուծաբանը։

Նա հռետորական հարցադրում արեց․ «Իսկ ո՞վ պետք է մշակի նոր մոտեցումներն ու առաջարկները։ Այստեղ հարցեր են առաջանում, հատկապես, երբ հիշում ենք ՌԴ ԱԳՆ ղեկավարի վերջին դժգոհությունը նույն այս թեմայի վերաբերյալ, երբ նա պնդեց, որ արդեն իսկ կան այնպիսի փաստաթղթեր, որոնք ենթադրում են հակամարտության արդարացի լուծում, ինչը նշանակում է, որ ռուսական համանախագահությունն արդեն իսկ դեմ է նոր մոտեցումներին և ցանկություն չի ունենա աշխատել այդ շրջանակում։ ԱՄՆ-ը ներկայումս իր խնդիրներն ունի, և չեմ կարծում, թե առաջիկայում նոր առաջարկներ ներկայացնի Միացյալ Նահանգները, կարևորելով Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը։ Այստեղ կարիք կա հետևել նաև ՌԴ-Արևմուտք զարգացող տարաձայնություններին մի շարք ուղղություններով, չի բացառվում իրավիճակի խորացում, որի պայմաններում ուշադրությունը Ղարաբաղյան ուղղությամբ բավարարող չի լինելու կողմերի համար, և պահպանվելու է պատերազմի սպառնալիքը։ Եթե առաջիկայում այս դիրքորոշումից ելնելով՝ վերսկսվեն բանակցությունները, բնականաբար, դրանք որևէ արդյունք չեն տալու։ Այնուամենայնիվ, իմ համոզմամբ, նոր առաջարկները, եթե դրանք լինեն ապագայում, հիմնված են լինելու Մադրիդյան սկզբունքների վրա, դրանք լիովին մերժելը և լիովին նոր կամ միակողմանի օրակարգ ձևավորելը բարդ խնդիր է։ Իսկ կա՞ արդյոք այդ նոր մոտեցումների տեսլականը, վստահաբար չկա»,- ասաց Մաքֆարլեյնը։

Արդյո՞ք ռուսական կողմը նոր առաջարկներով հանդես կգա. այս հարցին մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը պատասխանեց, որ բազմաթիվ առաջարկներով Ռուսաստանն արդեն իսկ հանդես է եկել։

«Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պահպանել իր ակտիվ միջնորդությունը կարգավորման գործընթացում, բայց եթե կա արդեն իսկ արված աշխատանք, ինչո՞ւ անել նորը և կրկին դա մերժել։ Գլխավոր հարցից է պետք սկսել մինչ առաջարկներին անդրադառնալը, թե ինչ են ընդհանրապես պատրաստ զիջել կողմերը, եթե նրանցից որևէ մեկը պատրաստ չէ որևէ զիջման, ապա չի կարող լինել բանակցային լուծում։ Կարծում եմ՝ առաջիկայում ռուսական կողմից նոր մոտեցումներ չեն հնչելու, մենք արդեն իսկ բազում խնդիրներ ունենք մեր արտաքին քաղաքական ոլորտում, և եթե արդեն իսկ պարզ է, որ նոր առաջարկներ չեն լինելու, բոլոր քննարկվածները եղել են նախկինների վերանայված տարբերակները, կողմերը դրանք մերժել են, ինչո՞ւ կազմել նորը, դա անվանել նոր առաջարկ և կրկին ստանալ մերժում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս