«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ սպան և հայկական բանակը հաղթանակ են տարել. այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող». Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, հակահայ կոչերը, սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի հնարավոր սարդրանքներին համարժեք պատասխան տալ:
«Տավուշյան դեպքերը դրա վառ ապացույցն են, և, ընդհանուր առմամբ, մեր իշխանությունների տրամաբանությունը ևս դա է, որ՝ այո՛, կա բանակցային գործընթաց, մենք հավատարիմ ենք այդ գործընթացին, այո՛, մենք օրակարգ ենք բերում հարցեր, որոնք կնպաստեն արդյունավետության բարձրացմանը և դրա առաջընթացին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով Ադրբեջանի ցանկացած ոտնձգության համարժեք պատասխան տալուն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ տավուշյան դեպքերից հետո միջնորդները ակտիվ քայլեր են ձեռնարկում՝ կողմերին կրկին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ:
«Ենթադրում եմ, որ առաջիկայում կլինի հանդիպում, ընդ որում՝ ոչ առցանց, այլ տետ-ա-տետ հանդիպում, հավանաբար՝ ավելի ճանաչողական բնույթ կկրի, բայց բնական է՝ գործընթացը պետք է շարունակվի, և ռուսական կողմը ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳ նախարարի մի քանի հայտարարությունները դրա մասին են փաստում»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ բանակցային գործընթացի տարբեր փուլերում տարբեր լուծումներ են քննարկվել, և ըստ նրա՝ դրանցից որևէ մեկը հայկական կողմի սրտի լուծումը չի եղել, բայց եղել են տարբեր մոտեցումներ.
«Ընդ որում՝ Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշմամբ է հանդես եկել, բայց փաստն այն է, որ որևէ լուծում չի կարող աշխատել, մինչև այն ընկալելի չլինի ժողովուրդների համար, ինչպես բազմիցս նշել է վարչապետը: Եվ որպեսզի ընկալելի լինի որևէ լուծում, պետք է այդ ժողովուրդները ձգտեն խաղաղության, իսկ ադրբեջանական կողմը, ընդհակառակը՝ տրամադրում է պատերազմի և հակահայկականության: Որպեսզի մի օր ինչ-որ թղթի քննարկման հասնենք, պետք է աշխատենք մթնոլորտի վրա»:
Ըստ նրա՝ երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը վերջերս ասաց, որ ֆորմատի փոփոխություն չի լինելու, դա Ադրբեջանին ուղղված մեսիջ էր. «Մենք բազմիցս ասել ենք, որ սա միակ ընդունելի և աշխատող ձևաչափն է՝ բանակցային գործընթացի շարունակման համար, և ադրբեջանական կողմի բոլոր նման քայլերն ուղղակի անհաջողության են մատնվելու»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվացմանը, նա նշեց, որ դրա հիմքում ընկած է հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական միասնական ատելությունը. «Դա ոչ միայն ապացուցվում է երկրի ղեկավարների մակարդակով, այլ իրենց գործողությունները բերում են ժողովրդի շրջանում նման դրսևորումների»:
Միևնույն ժամանակ՝ նա նկատեց՝ և՛ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը, և հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական համագործակցությունը հնարավորություն չեն ընձեռելու, որ Թուրքիան ուղղակի միջամտի ռազմական գործողություններին. «Թուրքիան կարող է Ադրբեջանին օժանդակել տարբեր միջոցներով, բայց ուղղակի միջամտություն ռազմական գործողություններին՝ Թուրքիայի համար շատ մեծ արկածախնդրություն կլինի, և նա այդ քայլին չի գնա»:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ ուժեղ Ռուսաստան՝ որպես դաշնակից, իսկ Ռուսաստանի համար՝ ուժեղ Հայաստան՝ որպես դաշնակից. «Մենք իրար համար բնական դաշնակիցներ ենք, և դա փոփոխման ենթակա չէ: Ուղղակի պետք է շարունակաբար միասին աշխատել և ավելի հզորացնել իրար: Թե՛ Տոնոյանի այցերը, թե՛ ընդհանուր քննարկումները, թե՛ վերջին հայտարարությունները դրա ապացույցն են, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ տարբեր շահարկումներին, ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների հայտարարություններին՝ նա ասաց, որ պետք է հասկանալ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ սպան և հայկական բանակը հաղթանակ են տարել.
«Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Քանի որ ո՛չ մասնակցել եմ քննարկումներին, ո՛չ հանձնաժողովի կազմում եմ, սխալ եմ համարում որևէ մեկնաբանություն անելը: Կհրապարակվի զեկույցը, բոլորս միասին կծանոթանանք զեկույցին: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե ներիշխանական քննարկումներ հրահրելու համար, որովհետև սա այն թեման է, որտեղ ընդհանրապես չպետք է լինեն ներիշխանական քննարկումներ, ընդ որում՝ ընդդիմությունն է սա շատ հաճախ հրահրում, և ես կոչ եմ անում, որ խուսափեն այդ իրավիճակից, որովհետև երբ իրենք փորձում են ինչ-որ թեզեր նետել շրջանառության մեջ, բնականաբար, պետք է դրա պատասխանը ստանան: Հանձնաժողովը ստեղծվեց, որ հասկանանք՝ ինչ թերություններ ենք ունեցել, իսկ դիրքային կորուստների մասին խոսել է ինքը՝ Սերժ Սարգսյանը, նա չի թաքցրել հենց ի սկզբանե, որ նման խնդիր եղել է: Ես ռազմական հարցերով փորձագետ չեմ, որ դա մեկնաբանեմ: Ամեն դեպքում ունեցել ենք խնդիրներ, դա բոլորս գիտենք, հիմա հարց է՝ ինչպիսի խնդիրներ, ինչ մեծության խնդիրներ, ինչ է արվել դա շտկելու համար այս տարիների ընթացքում և ինչ է արվել դա բացառելու համար՝ հետագայում: Այստեղ ոչ թե իշխանություն-ընդդիմություն խնդիրն է, եթե պատերազմական գործողություններ սկսվեն, բոլորիս անվտանգությունն է դրվում հարցականի տակ, այստեղ արդեն ճամբարները բացարձակ կարևոր չեն: Եվ որպեսզի նման իրավիճակ չստեղծվի, պետք է այդ խնդիրները վեր հանել, լուծել և առաջ գնալ: Տավուշյան դեպքերը դրա ապացույցն էին: Բնականաբար, գործընթացները տարբեր են եղել, չենք համեմատում, բայց հասկանալի էր, չէ՞, որ որոշակի դասեր արդեն սերտվել էին»:
Ադրբեջանը, ըստ նրա՝ 2016թ. ապրիլին չի հասել այն նպատակներին, որ իր առջև դրել էր, բայց միևնույն ժամանակ՝ նկատեց, որ հայկական կողմի պատասխանն այդ պահին այնպիսին չէր, ինչպիսին բոլորս կցանկանայինք:
Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Ադրբեջանը 2016թ. ապրիլին քաղաքական ձեռքբերումներ է ունեցել, բայց ապրիլյան պատերազմից հետո քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումներ հայկական կողմն է ունեցել՝ հաշվի առնելով, որ Ալիևն ամեն կերպ խուսափում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, նա այսպես արձագանքեց.
«Նույն Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ խոսել է դիվանագիտական կոմպոնենտի մասին և նշել է՝ ինչ նպատակ էին դրել՝ մաքսիմալ և հասան մինիմալի. կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, մոնիտորինգային մեխանիզմների ներդրմանը, բնականաբար, դա կարևոր էր, բայց չի իրագործվել: Դրանք չեն դուրս գալիս օրակարգից, շարունակում են մնալ և մեր կողմից կրկին առաջ մղվել, բայց հարցն այն է՝ երբ կհասնենք այն իրավիճակին, երբ Ադրբեջանն այլընտրանք չի ունենա, քան համախմբվել մոնիտորինգային մեխանիզմների ներդրման հետ: Այդ դեպքում թե՛ միջազգային հայտարարություններն են լինելու ավելի հասցեական, և թե՛ ադրբեջանական կողմն է շատ ավելի հարկադրված լինելու զուսպ պահվածք ցուցաբերել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում