«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից. պարզաբանում են վարչապետի աշխատակազմից

168.am-ն օրերս անդրադարձել էր դեռ անցյալ տարվանից ամենատարբեր քննարկումների ծիրում հայտնված կառավարական առանձնատան վերանորոգման հարցին՝ գրելով, որ այն նոր մոտիվներ է ստանում: Իսկ պատճառը Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքների ընթացքում թույլ տրված  չարաշահումներն են, որոնցով զբաղվում են իրավապահները։

Քանի որ կառավարական առանձնատները գտնվում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, զրուցել էինք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հնաբնակ Արուսյակ Մանավազյանի հետ:

Մեզ հետ զրույցում Արուսյակ Մանավազյանը թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չէր հայտնել՝ նշելով, որ 2020 թ. հունվարի 13-ից է նշանակվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» տնօրենի  լիազորությունները կատարող:

Նկատենք, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել են Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել է Արուս Մանավազյանի նշանակումը:

168.am-ը չէր կարողացել կապ հաստատել Արեգ Սավգուլյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները, իմքայլական պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ կապ չէինք հաստատել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում աշխատել է 2018 թ., իսկ ՊՎԾ-ն խախտումներն արձանագրել է ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում։

«Պետական վերահսկողական ծառայությունը հաստատել է Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված չարաշահումների փաստը: Խոսքը Ձեր  անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է: Ըստ ՊՎԾ-ի՝ մշտադիտարկվել են 2019թ․ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները:

Օգոստոսի 31-ին գրավոր հարցում էինք ուղարկել կառավարություն՝  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, քանի որ հենց նրա անմիջական հսկողության ներքո է գործում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը:

Մասնավորապես հետաքրքրվել էինք․

1. Ի՞նչ խախտումների մասին է նշել ՊՎԾ-ն։

2. Ընդունո՞ւմ եք խախտումների մասին ՊՎԾ-ի արձանագրումը։

3. Այդ գործի շրջանակներում արդյո՞ք ներկայացրել եք փաստեր ՊՎԾ-ին։

4. Հաշվի առնելով, որ ՊՎԾ-ից հայտնել էին նաև, որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմիններին, Ձեզ հարցաքննե՞լ են:

5. Որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքների համար 2019 թ.-ին:

6․ Ձեզ հայտնի՞ է՝ չարաշահումների ի՞նչ չափ է արձանագրել ՊՎԾ-ն. տարբեր աղբյուրներ նշում են «հարյուրավոր միլիոնների» մասին»:

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ստացանք գրություն-պատասխանը, որում մեր հարցերից մի քանիսին տրվել էին ընդհանուր պատասխաններ:

Պատասխանում առկա տեղեկությունը չէր պարունակում որևէ նորություն. մեր գրավոր հարցումից օրեր անց այս տեղեկությունն արդեն հնչել էր տարբեր հարթակներում։

«Տեղեկացնում ենք, որ Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հնարավոր չարաշահումների վերաբերյալ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անձամբ է դիմել Պետական վերահսկողական ծառայությանը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում ստուգումներ սկսելու նպատակով:

Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց վրա հիմա կատարվում է քննություն: Տեղեկացնենք նաև, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից:  Միաժամանակ հայտնում ենք, որ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ խնդրին և ներկայացրել պարզաբանում»,- ասված է գրավոր պատասխանում:

Ի դեպ՝ ֆեյսբուքյան գրառումը, ինչի մասին տեղեկացնում են կառավարությունից, Էդուարդ Աղաջանյանը տեղադրել էր սեպտեմբերի 1-ին՝ մամուլի մի քանի հրապարակումներին ի պատասխան: Այդ հրապարակման մեջ նա հերքում է այն տեղեկությունները, թե  Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ, և թե կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:  Անդրադառնալով բուն թեմային՝ նա նշել էր. «Պարզաբանում. Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ, «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»։

Նշենք՝ օրերս ԱԺ-ում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝  վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գործով բազմիցս հարցաքննվել է նախկին տնօրենը՝ Արեգ Սավգուլյանը:

Տեսանյութեր

Լրահոս