Կառավարական առանձնատան վերանորոգման հարցը նոր մոտիվներ է ստանում. ՊՈԱԿ-ի տնօրենը՝ չարաշահման լուրերի մասին

Դեռ անցյալ տարվանից ամենատարբեր քննարկումների ծիրում հայտնված կառավարական առանձնատան վերանորոգման հարցը նոր մոտիվներ է ստանում: Օրերս հայտնի դարձավ, որ Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքների ընթացքում թույլ են տրվել  չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։

Հիշեցնենք՝ մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար:

Թափանցիկ աշխատող կառավարությունից այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն:

Միակ մեկնաբանությունը, որը եղավ թեմայի առնչությամբ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից էր. լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշել էր.

«Վարչապետն ինքն իր համար որևէ բան չի գնել, չի գնում, դրանք պետական գնումներ են, որոնք գնվում են պետական կարիքների համար: Խոսքը նաև Կոնդի առանձնատների մասին է, որը պետության գույքն է: Որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, թվերը չեմ կարող հրապարակել»:

Ի դեպ, այդ ամիսներին կառավարության կայքէջում «գաղտնի», «չզեկուցվող» մակագրությամբ՝ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու գումար հատկացնելու որոշման նախագիծ եղել էր, այն ներառված էր սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում. 19-րդ հարցը: Ըստ Կառավարության կայքէջի՝ այն հեղինակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման,   բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում  հատկացնել 291,687.4 հազար դրամ»,- նշվում էր  չզեկուցվող հարցի հիմնավորման մեջ:

Այս նախագծի մի քանի ենթակետերի դիմաց նշվում էր անգամ «հույժ գաղտնի» մակագրությունը՝ հավանաբար հերթական սկանդալից զերծ մնալու համար:

Սակայն սկանդալից զերծ մնալ չհաջողվեց:

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես՝ առանձնատների վերանորոգման աշխատանքներում, որոնց հետևանքով այսօր օրակարգում է քրեական գործի հարուցման հարցը։ Լրատվամիջոցը մասնավորապես տեղեկացրել էր.

«Օգոստոսի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՊՎԾ և իրավապահ մարմիններ, որոնց արդյունքում մեր տեղեկությունները հաստատվել են նաև պաշտոնապես։ Գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՎԾ-ն հաստատել է չարաշահումների փաստը՝ նշելով, որ խախտումներն արձանագրվել են 2019 թվականի աշխատանքներում։

«Ի պատասխան Ձեր՝ 25.08.2020թ. N 65Ա հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ. ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- հայտնել են ՊՎԾ-ից։

Ֆինանսական չարաշահումների ծավալի մասին հարցին ՊՎԾ-ից ձեռնպահ են մնացել պատասխանել, իսկ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ 250 մլն դրամի մասին է։ Այսպիսով՝ թիվ մեկ առանձնատան միլիոնավոր դոլարների վերանորոգումը, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, ուղեկցվել է կոռուպցիոն դրսևորումներով»:

Նշենք՝ կառավարական առանձնատները գտնվում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում:  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններն այժմ կատարում է Նիկոլ Փաշինյանի թիմի հնաբնակ Արուսյակ Մանավազյանը:

Նա 2008 թվականից աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում և  armtimes.com էլեկտրոնային կայքում՝ որպես հաշվապահ, իսկ 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամում՝ որպես գլխավոր հաշվապահ։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ա. Մանավազյանն առաջադրվել էր՝ որպես պատգամավորի թեկնածու:

168.am-ի հետ զրույցում Արուսյակ Մանավազյանը թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհայտնեց՝ նշելով, որ 2020 թ. հունվարի 13-ից է նշանակվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» տնօրենի  լիազորությունները կատարող:

«Ես նշանակվել եմ հունվարի 13-ից: Դրանից առաջ ինչ կատարվել է, ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Նկատենք, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել են Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել է Արուս Մանավազյանի նշանակումը:

168.am-ը չկարողացավ կապ հաստատել Արեգ Սավգուլյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները:

Իմքայլական պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ կապ չհաստատեցինք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում աշխատել է 2018 թ., իսկ ՊՎԾ-ն խախտումներն արձանագրել է ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում։

Երկուշաբթի օրը գրավոր հարցում կուղարկենք կառավարություն՝  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հենց նրա անմիջական հսկողության ներքո է գործում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը:

Տեսանյութեր

Լրահոս