«Դպրոցներն արդեն ձեռք բերված ախտահանման միջոցների համար փոխհատուցում չեն ստանալու». Օֆելյա Կամավոսյան
Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում հերթական չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը ԿԳՄՍՆ-ի առաջարկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցեց ավելի քան 646 մլն 787 հազար դրամ: Այս գումարով դպրոցներն ապահովվելու են շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով: ԿԳՄՍՆ-ից 168.am-ին հայտնեցին, որ գումարը ոչ թե՝ ԿԳՄՍՆ-ին, այլ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու պատճառը տեխնիկական է՝ համավարակի դեմ պայքարի ֆինանսական միջոցները կենտրոնանում են Էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում: Ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ ախտահանման միջոցների գնման համար դպրոցներն օգտագործելու են իրենց խնայած միջոցները, ինչպես նաև տրամադրվելու են հավելյալ միջոցներ պետության կողմից։ Մինչև ԿԳՄՍՆ-ն Կառավարությունից գումար կխնդրեր, մի շարք դպրոցներ արդեն հասցրել են գնել առնվազն մեկ շաբաթվա պահուստ: Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը որոշել է ամբողջ բեռը չթողնել միայն դպրոցի և ծնողի վրա:
«Դպրոցներ կան, որոնք խնայված միջոցներ ունեն, հնարավորություն ունեցել են, ձեռք են բերել, դպրոցներ կան, որ չունեն, կամ ավելի պակաս ունեն: Հատկացված միջոցները փոխանցվելու են մարզպետարաններին, իրենք էլ, կարիքները գնահատելով, տրամադրելու են դպրոցներին այն սահմանաչափով, որով նշված է: Երևանի պարագայում գումարը տրամադրվելու է՝ կախված դպրոցների ենթակայությունից»,- ասաց Կամավոսյանը:
Մեր հարցին, թե այն դպրոցներին, որոնք արդեն ձեռք են բերել ախտահանիչ միջոցներն ու դիմակները, փոխհատուցվելո՞ւ են կատարված ծախսերը, Օֆելյա Կամավոսյանը պատասխանեց, որ ոչ:
«Դպրոցներն արդեն ձեռք բերվածի համար փոխհատուցում չեն ստանալու, գումար չի վերադարձվելու: Խնայված միջոց ունեին, ձեռք են բերել: Հնարավոր է՝ եկող ամիս չունենան, այս տարբերակից օգտվեն: Իրենք էլի կարիք են ունենալու և միգուցե այդ ժամանակ միջոցներ չունենան»,- ասաց Կամավոսյանը:
Դիմակներ կտրամադրվեն հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈւ հաստատությունների աշակերտների (սաների, ուսանողների) համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը, և դիմակները նախատեսված են անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար, հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 2 հատ, հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ:
Նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ անձնակազմի 100%-ին, ինչպես նաև ուսումնական հաստատություններն ապահովել շենքերի ախտահանիչներով:
Հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հնարավորությունները՝ գնումներն իրականացվելու են առավելագույնը մեկ ամսվա համար՝ ընթացքում ըստ անհրաժեշտության դրանց հետագա գնման նպատակահարմարությունը վերանայելով։
Շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունները, արտադպրոցական կազմակերպությունները և մարզադպրոցները: