«Չեմ պատկերացնում՝ ինչպես է Թորոսյանը գալիս Աստղիկ ԲԿ, Ալեքսանյանին ասում՝ տնօրենիդ հանում եմ, նշանակեմ դասընկերոջս». Պետրոս Անանիկյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երեխաների մոտ կորանավիրուսով վարակվելու հավանականությունը կազմում է 0.03 տոկոս, նույնիսկ, եթե 0.3 տոկոս լինի, դա շատ փոքր թիվ է, երբ համեմատում ենք սովորական սեզոնային գրիպի հետ, երբ վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է նույն երեխաների մոտ։ Սրանից բացի՝ մինչև հիմա չկա որևէ վիճակագրություն, որը ցույց կտա, թե երեխաների քանի տոկոսն է վարակվում կորոնավիրուսով կամ դրանով վարակում այլ մարդկանց, իսկ նման անհրաժեշտ ցուցանիշներ չունենալու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

«Միանշանակ պատասխանատուն Թորոսյանն է, որն այնքան սերտ կապեր ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ВОЗ) հետ, որ նրանց պատվերներն այնպես կատարեց, որ իր համար տեղ պատրաստեց՝ էստեղից փախչելուց հետո այնտեղ աշխատելու համար»,- ասաց Անանիկյանը։

Ըստ Անանիկյանի՝ իր համար տարօրինակ է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանի հետ տհաճ խոսակցություն է ունեցել, պատասխանել է, թե չի հիշում՝ վերջին անգամ վարչապետին երբ է հանդիպել։

«Դա հերթական սուտն է. ի՞նչ է՝ պարետատան նիստին վարչապետի հետ կանգնած չէ՞ր, կամ օգոստոսի 20-ին կառավարության նիստին մասնակցում էր, չէ՞. ի՞նչ է՝ չի՞ հիշում, որ օգոստոսի 20-ը, եթե օգոստոսի 20-ի մասին այսօր չի հիշում, նշանակում է՝ նախարարն այդ տարիքում ունի Ալցհեյմերի հիվանդություն։ Մյուս կողմից՝ ես չեմ պատկերացնում, որ վարչապետը նրան արձակուրդ է ուղարկել՝ նրան չտեսնելով, որովհետև մենք արտակարգ դրության մեջ ենք, որի ուղիղ 50 տոկոս բեռն այդ համակարգի վրա է, որի ղեկավարը չի կարող առանց վարչապետին հանդիպելու և հիմնավորելու արձակուրդ մեկնել, ուղղակի գնա, թեև ես կարծում եմ, որ մինչև արտակարգ դրության ավարտն ինքն անգամ արձակուրդ գնալու դիմում չպետք է գրեր. դա տհաճ է։ Բա այդ պարգևավճարներն ինչի՞ համար էր ստանում, բա պետք է աշխատեր, այնպես որ, այս իրավիճակում արձակուրդ մեկնելը համարում եմ բժշկին ոչ վայել, սա նշանակում է, որ նա ընդամենը կատարում է պատվեր, պատվեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա ՝ Արսեն Թորոսյանը շատ պրոբլեմներ ունի, որոնք դեռ պետք է բացահայտվեն՝ կապված և կորոնավիրուսի դեմ պայքարի, և իր կնոջ ԲԿ-ին փոխանցված գումարների հետ։

«Կարծում եմ՝ դա ճիշտ է, որովհետև, եթե սխալ լիներ, անմիջապես կհերքեր դա։ Իսկ նման բան եթե կատարել է, դա արդեն կոռուպցիայի խայտառակ ձև է»,- ասաց Անանիկյանը։

Անդրադառնալով դպրոցներում հրապարակված ուղեցույցներին, ըստ որոնց, երեխաների համար պարտադիր է դառնում դիմակի կրումը, Պետրոս Անանիկյանը նշեց, որ այն երեխաների մոտ առաջացնելու է թթվածնային քաղց, և այդ որոշումն առնվազն անհեթեթություն է՝ հատկապես, որ հնարավոր չի լինելու գործընթացը վերահսկել։

«Այդ ո՞ր երեխան է չորս ժամ դիմակով նստելու, չի հանելու-դնելու, զուգարան չի գնալու, հետո ձեռք տա դիմակին. երեխայի պարտադիր դիմակ կրելը ո՞րն է։ Մյուս կողմից, եթե պարտադրում են դիմակ կրելը, ապա պետությունը պարտավոր է դիմակները տալ, 100 տոկոսով պետությունը պետք է երեխաներին ապահովի դիմակով։ Մյուս կողմից՝ հասարակ այդ դիմակները չեն ապահովագրում վարակվելուց, քիչ թե շատ օգնում է K-92 հատուկ ֆիլտրային դիմակները։ Եթե ցանկանում են համավարակի դեմ պայքարել, այդ դիմակներն են նպաստում պայքարին։ Մյուս կողմից՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են որոշել, որ երեխաները դասամիջոցներ չեն անելու։ Սա հանցագործություն է, որովհետև գիտականորեն ապացուցված է, որ երեխան դաս անելուց հետո իր մտքի աշխատանքը պետք է փոխարինի ֆիզիկական շարժումներով։ Այստեղ հեծանիվ հայտնագործել պետք չէ։ Դե, եթե այդպես էր, անեին այդ իրենց հեռավար դասերը, և երեխաներն էլ այդպես կիսագրագետ մեծանային։ Կրկնում եմ՝ երեխաների պարտադիր դիմակ կրելու պահանջն անմիտ և անվերահսկելի է»,- ասաց Պետրոս Անանիկյանը՝ կոչ անելով Առողջապահության նախարարին Հանրային հեռուստաընկերության եթերում երեխաներին նստեցնել՝ դիմակներով, ձեռքներին տալ թթվածնի չափման սարքն ու ստուգել, թե օրգանիզմում թթվածնի հետ ինչ է կատարվում։

«Դա է ապացույց լինելու, և տեսնելու են, թե ինչ հետևանք կունենա երեխայի համար դիմակի կրումը, թեև ապացուցված է, որ դիմակի կրումը բերում է շնչառության անկման»,- ասաց պրոֆեսորը։

«Եթե այդ դիմակներն այդքան օգնում են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մենք ունենք բազմաթիվ վարակված բժիշկներ. նրանք էլ հո՞ դիմակով էին։ Եթե մենք չունենք կոնկրետ միջոցառումներ, որ, եթե դիմակն արտադրվում է, ամբողջապես պետք է հատուկ ախտահանող սարքի մեջ մտնի, և այլն, որ մենք գնելուց իմանանք, որ գնում ենք ստերիլ դիմակ, ես խիստ կասկածներ ունեմ, իսկ եթե շատ կասկածամիտ լինենք, կարող ենք ասել՝ ո՞վ ասաց, որ վարակը չի տարածվում դիմակների միջոցով»,- ասաց Անանիկյանը՝ շեշտելով,- Հասկացեք՝ ախր մենք հակահամաճարակաբան էլ չունենք անգամ պարետատան հետ աշխատանքում, մենք մի մասնագետ ունեինք, որն իր գործն անում էր՝ Դավիդյանցը, բայց նրան էլ աշխատանքից հանեց, բերեց իր ընկերոջը»։

Պետրոս Անանիկյանն անդրադարձավ նաև օգոստոսի 20-ին կառավարության ընդունած որոշումներից մեկին, որով սահմանվել է, որ մասնավոր բժշկական կենտրոններում Առողջապահության նախարարությունը կարող է նշանակել տնօրեններ, չեղարկել պայմանագրեր, հասանելիություն ունենալ կադրային ռեսուրսներին, և այլն։

«Սրանով պետք է իրավապահները զբաղվեն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Թորոսյանը գալիս «Աստղիկ» բժշկական կենտրոն, Ալեքսանյանին ասում՝ տնօրենիդ հանում եմ, նշանակեմ իմ դասընկերոջը, չեղյալ է համարում այս կամ այն պամանագիրը, ասում՝ պայմանագիր պետք է կնքեք այս կամ այն ընկերության հետ, հետո էլ պարզվում է, որ ինքն այդ հիմնարկներում ունի իր հետաքրքրությունները»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս