ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր, կա լուրջ բազա, և ցավալի կլիներ այն կորցնելը․ Սերգեյ Լավրով
Նախօրեին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու և բանակցային գործընթացի փաստաթղթային բազայի մասին։ Լավրովը նախ տեղեկացրել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը՝ նշելով, որ բոլորը միտված են աշխատել հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ։ Ուստի, ռուս նախարարի համոզմամբ, անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացն ապահովելու համար։ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։
Լավրովը նաև նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում էին հաջորդ ամիս տարածաշրջան այցելել։
«Նախատեսվում էր նաև նախարարների շփում կազմակերպել։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերն արդեն ոչ միայն Ղարաբաղի ու հարակից շրջաններում, այլև հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ հուլիսին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև ասել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր` տարբեր մոտեցումների մանրամասներով, բայց միասնական մոտեցում չկա։ Նրա խոսքով՝ կա լուրջ բազա և ցավալի կլիներ այն կորցնելը։
Լավրովը նշել է, որ պետք է խնդիրները լուծել` հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում։
«Կան մի շարք փաստաթղթեր, որոնց ներքո ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարներն ու համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։ Այդ փաստաթղթերում, թեկուզև շատ ընդհանուր, բայց համալիր մոտեցում է ամրագրված, որը պետք է ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման հանգեցնի՝ համաձայն այն սկզբունքների, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ավելացրել է նա։
Լավրովը նշել է նաև, որ շատ տխուր կլիներ այդ մշակված բազան կորցնելը։ Նման փորձեր, նրա խոսքով, արդեն արվել են, այդ թվում՝ բանակցողների ձևաչափը փոխելու փորձեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։