Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքի հարցը դեռ քննարկվում է
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացն այս տարի կկազմակերպվի հատուկ ընթացակարգով: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն դպրոցները: Կանոնները պարտադիր են լինելու ոչ միայն պետական, այլև մասնավոր դպրոցների համար: Ըստ ուղեցույցի՝ դպրոցներն աշակերտների առաջ իրենց դռները կբացեն սեպտեմբերի 15-ին, առաջին դասարանցիները դպրոց կգնան մյուսներից մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 14-ին, միայն մեկ անձի ուղեկցությամբ: Աշակերտները դասերի ընթացքում լինելու են դիմակով: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է՝ վերանայվի դիմակ կրելու պարտադիր պահանջը, քանի որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի՝ 12-ից բարձր տարիքի երեխաները կարող են դիմակ կրել մեծահասակի նման, իսկ ավելի ցածր տարիքի երեխաները՝ ոչ, Անդրեասյանը պատասխանեց.
«Ներկայումս քննարկում ենք ԱՀԿ այդ ուղեցույցը, որը հրապարակվել է օգոստոսի 21-ին, մեր իրավիճակում տեղայնացնելու հարցը: Դիմակներ կրել-չկրելը կրթության ոլորտի որոշում չէ, մի քանի կառույցների, առավելապես առողջապահության ոլորտի ցուցման հետ պետք է պայմանավորված լինի: Մենք որոշակի առաջարկներ ունենք, հիմա քննարկում ենք մեր գործընկերների հետ և առաջիկա օրերի ընթացքում, թե ինչպիսի՞ լուծումներ են հնարավոր: Խոսքը չի վերաբերում միայն ցածր դասարաններին, այլ նաև այն համայնքներին, որտեղ որևէ դեպք գրանցված չէ»,- ասաց Անդրեասյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ այն երեխաները, որոնք ռիսկի խմբում են, կամ ունեն պարետի որոշմամբ սահմանված այն խնդիրները, որոնց դեպքում հնարավոր չէ դիմակ կրել և կազմակերպել առկա ուսուցումը, կկարողանան կրթություն ստանալ հեռավար եղանակով: Դպրոցներում հակահամաճարակային կանոնների պահպանումը վերահսկելու է տեսչական մարմինը: ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ սկզբնական շրջանում տեսչական մարմնի այցերն ունենալու են աջակցող բնույթ:
«Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվելու է դպրոցի գործունեությունը»,- ասաց Անդրեասյանը:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների աշխատանքը, արդյո՞ք 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանների երկու կամ ավելի մասերի բաժանվելու պարագայում ավելանալու է նրանց ծանրաբեռնվածությունը, և դա ազդելո՞ւ է աշխատավարձի վրա, Անդրեասյանն արձագանքեց.
«Մենք ուղեցույցն առաջարկում ենք դպրոցին՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս կազմի դասացուցակը, որ ուսուցչի ծանրաբեռնվածությունը չլինի ավելի, քան նախատեսված է իր ժամաքանակով: Սա չի նշանակում, որ մենք մի դասաժամը կիսում ենք 20-20 րոպեի, դասաժամի տևողությունը 45 րոպե է, դասամիջոցներինն էլ՝ 5 րոպե: Այս դասաբաշխումը տեղի է ունենում դպրոց գալու օրերի հերթականության միջոցով: Եթե դասարանը կիսված է երկու խմբի, ապա առաջին խումբը գալիս է, օրինակ, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և անում է իր դասաժամերը 45 րոպեով: Եթե ուսուցիչը պետք է ունենար շաբաթական 2 ժամ, ապա նա պահպանում է այս երկու ժամը՝ մի ժամն անցկացնելով առաջին խմբի հետ, մյուսը՝ երկրորդ խմբի հետ: Հավելյալ ծանրաբեռնվածություն չի առաջանում»:
«Գիտենք, որ դպրոցները որոշակի դժվարություններ կունենան ուսումնական և թեմատիկ պլաններ կազմելու ժամանակ, առաջիկայում կիսվելու ենք նաև որոշակի դպրոցների կողմից կազմված ուսումնական պլաններով, առարկայական մասնագետների կողմից կազմված թեմատիկ պլաններով, որ դժվարանալու դեպքում օգտվեն այս պլաններից»,- ասաց Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը:
Ինչ վերաբերում է դասամիջոցներին, ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ երեխաների անկանոն շփումը կմեծացնի վարակի տարածման ռիսկը: Լոկալացումը հնարավորություն կտա վերահսկել այդ ռիսկերը: Անդրեասյանի խոսքով՝ ուղեցույցը քննարկվել է նաև մասնավոր դպրոցների հետ և պարտադիր է լինելու նրանց համար ևս: