
«Գագաթաժողովի ծախսերը կֆինանսավորվեն հիմնականում հովանավորների կողմից». ՀՀ նախագահի աշխատակազմ

Ինչպես անցյալ տարի՝ այս տարի ևս, հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալու է Մտքերի հայկական գագաթաժողովը:
Հիշեցնենք, որ 2019 թ. գագաթաժողովի համակազմակերպիչներն էին ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը:
168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե այս տարի ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գագաթաժողովը, ովքե՞ր են ստանձնել կազմակերպիչների առաքելությունը, ովքե՞ր են ֆինանսավորում այս գագաթաժողովը, և որքա՞ն է կազմում միջոցառման բյուջեն:
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ
այս տարվա հոկտեմբերին Դիլիջանում նախատեսվող Մտքերի հայկական երկրորդ գագաթաժողովի գլխավոր գործընկերը կրկին «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:
«Այս տարի գագաթաժողովի քննարկման հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունը, արհեստական բանականությունը և համաճարակները: Գագաթաժողովին կմասնակցեն աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարվա գագաթաժողովը հիմնականում կանցկացվի հեռավար: Իրավիճակից ելնելով՝ Դիլիջանում կհավաքվի մասնակիցների փոքր խումբ, իսկ հրավիրվածների մեծամասնությունը կմիանա առցանց տարբերակով:
Թեև այս տարվա միջոցառումը ֆինանսական համեմատաբար մեծ ծախսեր չի ենթադրում, այնուամենայնիվ, ինչպես և նախորդ տարի, Մտքերի հայկական երկրորդ գագաթաժողովի ծախսերը կֆինանսավորվեն հիմնականում հովանավորների կողմից»,- մանրամասնել էին աշխատակազմից: