«Թող գրանատ բերեն գցեն, էս Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ». Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին

Այսօր մոտ 4 ժամով ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում էին Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգից։ Այն հունիսի 18-ին ներկայացվել էր Կառավարության նիստում: Գործադիրի որոշմամբ թույլատրվեց սիգ ձկան փորձարարական որս իրականացնել, ինչն արգելված էր 2004 թվականից: Ըստ կարգի՝ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500գ-ից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի դնովի ցանցերով, ձկնորսություն իրականացվելու է օրվա լուսային ժամերին, մուտքի ու ելքի տեղամասերում, որոնք թվով 17-ն են, աշխատելու են տեսուչներ, որոնք համապատասխան մատյաններում որոշակի տվյալներ են լրացնելու՝ դրանք հետագայում նախարարությանը տրամադրելու համար:

«Դրել 65 դրամ կգ-ի գումար են սահմանում՝ բնօգտագործման վճար, Փոքր Սևանից ծով չմտնել են սահմանում, լիքը բաներ են սահմանում: Մենք հիմա ասում ենք՝ բոլոր ծով մտնողներով  համաձայն ենք, թող ամեն ծով մտնողին կոդ տան, տերմինալներով մուծում անենք, պետությանը ամիսը ինչ-որ մի գումար՝  5 հազար ա, 10 հազար ա, պետական մուծումներն անենք, թող գնա մեր բանակին: Մեկ ա, էս 100 տարի բռնել, ոչ մի կոպեկ չենք տվել, տանենք մուծումներն անենք, էլի մեր ձուկը բռնենք: Ասում են՝ 1 կգ ձուկը՝ 2200 դրամ, կառնե՞ն, երևանցի եք, կառնե՞ք»,- ասաց ցուցարարներից մեկը:

Լրագրողի դիտարկմանը, որ սիգն այժմ բավականին էժան է, ձկնորսն արձագանքեց, որ գինը շուկան է թելադրում:

«Ձուկը մի քիչ շատ ա լինում, էժան ա լինում, լավ չի՞, ժողովուրդն էժան են առնում, ուտում: Ով որ արթնանում, ասում ա, որ 1.5 տոննա սիգ ա մնացել Սևանում, իր մտքով էդ օրն ուղղակի էդ թիվն ա անցել: Մենք առավոտից իրիկուն էդ ջրի վրա ենք, սիգը լիքն ա»:

Լրագրողի հարցին, թե մանրաձուկ ևս որսո՞ւմ են, ձկնորսը պատասխանեց, որ ոչ թե որսում են, այլ այն ուղղակի հայտնվում է ձկնորսական ցանցի մեջ, իրենք էլ դեն նետելու փոխարեն՝ վաճառում են ու գումար աշխատում: Հաճախ հնչող այն դիտարկումներին, որ, եթե թողնեն այդ մանրաձուկը մեծանա, ավելի մեծ օգուտ կբերի, ձկնորսն արձագանքեց.

«Եթե այդպես է, բերեք մեծն էլ չբռնենք, միլիարդավոր իկրա է թողնում էդ մեծը: Թող գրանատ բերեն գցեն, էս Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ: 1300 հատ լոդկա կա, մի լոդկայի վրա աշխատում է 2 հոգի, էդ 2600 հոգին էլ 8000 մարդ է պահում, 8000 մարդ է ապրում էս ծովով: Հող չունենք՝ նորմալ ձմերուկ ու ծիրան ցանենք»,- ասաց ձկնորսը:

Ձկնորսների հետ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայնության են եկել ցուցարարների հետ:

«Խնդիրը բավական խորն է: 2004 թվականից արդյունագործական ձկնորսություն չկա, և ոլորտի պատասխանատուները հանձն են առել ոլորտը կարգավորել: Բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են խնդիրներ առաջանալ: Ընդամենը երկու օր է, որ կարգը գործում է, և մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել: Դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Պայմանավորվածության եկանք, որ առանց ավելորդ ագրեսիայի, բորբոքվելու, հանգիստ մթնոլորտում, շաբաթ և կիրակի օրերին բոլոր այն խնդիրները, որ տեսնում են,  բոլոր այն հարցերը, որ այս քննարկումների, ճանապարհ փակելու ընթացքում բարձրացնում են, կձևակերպեն թղթի վրա և կտան Շրջակա միջավայրի նախարարությանը, նախարարության գործընկերները կփորձեն պատասխանել»,- ասաց մարզպետը:

Սանոսյանը նշեց, որ հարցեր կան, որոնց պատասխանները հիմա էլ կան, իսկ որոշ հարցերի լուծումն էլ երկար ժամանակ է պահանջում: Մարզպետի պնդմամբ՝ գլխավորն այն է, որ ձկնորսները պատրաստ են օրենքի դաշտում աշխատել: Ձկնորսները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ իրենց արդեն հասցրել են տուգանել՝ մինչև 200 հազար դրամի չափով, ցանցերը հավաքել են: Գնել Սանոսյանն ասաց, որ հատուկ ցանցի չափս է սահմանված, ձկան քաշ է սահմանված: Գեղարքունիքի մարզպետը ժխտեց ձկնորսների այն պնդումը, որ մինչև որոշում կայացնելն իրենց հետ չեն քննարկել: Սանոսյանը խոսքով՝ մի քանի անգամ միայն մարզպետարանում են հանդիպել, իսկ հիմա իրենց առաջարկները կարող են ուղարկել ՇՄՆ:

«Եթե կարիք կա կարգերում ինչ-որ բան փոխել, ապա այդ փոփոխությունը, կարծում եմ, կլինի»,- ասաց Սանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս