
Ինչո՞ւ է լռում ՊՆ-ն. «Չենք մեկնաբանում Ապրիլյանի թեման, մինչև հանձնաժողովի եզրակացությունը չլինի»

Օրեր առաջ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։
Սերժ Սարգսյանի 5 մասից բաղկացած տեսաուղերձից հետո «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Երրորդ նախագահի դիտարկումներին և պատասխանելով լրագրողի հարցերին, ասել էր, թե ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած՝ «ավելի քան երկու տասնյակից ավելի» արտահայտությանը, ասել է.
«Այսօր ես նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին:
Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ ամբողջական զեկույց լինի և հնչեն թվեր, ապա այդ թվերին հատ առ հատ անդրադառնալու եմ»:
Այս հայտարարությունների ֆոնին, սակայն, շարունակում է լռություն պահպանել Պաշտպանության նախարարությունը՝ ըստ էության պարարտ հող ստեղծելով շահարկումների համար:
168.am-ը մեկնաբանության ակնկալիքով կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ։ Հարցին՝ արդյո՞ք ՊՆ-ն պատրաստվում է հրապարակել թիվ, թե Ապրիլյան պատերազմում քանի դիրք ենք կորցրել, որովհետև տարբեր հարցազրույցներում արդեն տվյալներ են հնչեցվում, նա պատասխանեց.
«Մենք չենք մեկնաբանում Ապրիլյանի թեման, մինչև հանձնաժողովի եզրակացությունը չլինի»:
Դիտարկմանը, թե հենց հանձնաժողովի նախագահն ինքն է արդեն մեկնաբանություն հնչեցրել, խոսնակն արձագանքեց. «Չէ, մենք չենք մեկնաբանում, մինչև վերջնական չլինի»:
Իհարկե, անհասկանալի է ՊՆ լռության ուխտը՝ հատկապես, որ թեմայի շուրջ «բացումն» արվել է:
Ի դեպ, առանց մեկնաբանության մնաց նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ուղղված մեր նույն հարցը: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց․ «Չեմ ուզում մեկնաբանել»։
Հիշեցնենք՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Զեկույցը քննիչ հանձնաժողովը ներկայացնելու է աշնանը:
Հանձնաժողովը ղեկավարում է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովում 2-ական անդամներ ունեն նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: