«Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին

Օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ որոշել են մեկ ամսով ևս երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Նա նաև տեղեկացրեց, որ մշակվում է ծրագիր, թե համաճարակային իրավիճակից կախված՝ ինչ մոդելով են վերաբացելու հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ընդգծելով, որ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացվի:

«Չնայած որոշում է կայացվել՝ արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, այդուհանդերձ, էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ Մասնավորապես, վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը: Եվ այս բոլոր հարցերի փաթեթը, իհարկե, կախված է համաճարակային իրավիճակից և ընդհանուր բարելավվող տենդենցի պահպանումից, որը, միանշանակ, կախված է մեր վարքագծից»,- իր խոսում նշել էր փոխվարչապետը։

168.amհետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատասխանելով  արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցին՝ ասաց, թե արտակարգ դրության ժամկետը  պարբերաբար երկարաձգելու մասին  ԼՀԿ-ի տեսակետը բոլորին էլ հայտնի է. «Սա անարդյունավետ քաղաքականություն է, և, բնականաբար, այս երկարաձգումն իր մեջ ոչ միայն իրավական խնդիր ունի՝ մեր տեսակետով սա չի համապատասխանում օրենքի պահանջին, այլև կառավարման տեսանկյունից անարդյունավետ է։ Թե ձեռքի հետ ինչ քաղաքական նպատակներև են լուծում մեր իշխանությունները՝ հարցի մյուս կողմն է։ Իհարկե, այս ամենը ներկայացնում են՝ որպես առողջապահական, բայց այդ առողջապահական խնդիները շատ հեշտությամբ կարելի է լուծել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի հաստատման կամ երկարաձգման»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ կան իրավական ակտեր, որտեղ մեկ-երկու օրենքի դրույթների փոփոխության պարագայում նույն միջոցառումները կարելի էր կազմակերպել, կամ գոնե  դրանց մի մասը։

«Ես զարմանում եմ, որ մենք վեց ամիս սպասում ենք և որևէ փոփոխություն այդ օրենքներում չենք կատարում, բայց անընդհատ խոսում ենք դրանց մասին՝ ի դեմս իշխանության ներկայացուցիչների»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայաստանը գտնվում է արտակարգ  դրության ռեժիմում։ Մարտի 16-ին Կառավարության արտահերթ նիստում որոշում կայացվեց երկրում հայտարարել արտակարգ դրություն, և մարտից սկսած յուրաքանչյուր ամիս արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է։

Տեսանյութեր

Լրահոս