«Չենք կարող վստահություն ունենալ, որ թաքնված և սողացող պրոցես չի գնում, որը կարող է պայթել». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։
«Սակայն հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, որովհետև, եթե նախկինում մեր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են՝ 15 տոկոս պլյուս-մինուս 1-2 տոկոս։ Սա նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք։ Այս առումով մենք մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել, այն իմաստով, որ, եթե նախկինում հոսքերը մեծ էր, և մենք ըստ էության պասիվ սպասում էինք, որ մարդիկ իրենք դիմեն, հիմա Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի, և մոտավորապես ռիսկային որոշակի խմբեր, տեղեր, կոլեկտիվներ, գործարաններ ախտորոշման կենթարկվեն՝ մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք այդ վայրեր»,- նշեց վարչապետը։
Լրացնելով վարչապետի խոսքը՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ վիրուսակիրների հայտնաբերելիության առումով առհասարակ խորհուրդ է տրվում թեստավորման ծավալները պահել այնպիսի մակարդակում, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորման մոտավորապես ոչ ավելի, քան 10 տոկոսը։
«Դժբախտաբար, մենք ունեցել ենք ժամանակ, երբ 30 տոկոսից ավելի դեպքեր ենք ունեցել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15 տոկոս։ Հույս ունենք՝ կիջնենք և կհասնենք 10 տոկոսի։ Սրան հասնելու համար է, որ մենք պրոակտիվ նախաձեռնողական վերցնում ենք փակ հաստատությունների կոլեկտիվներ կամ բնակիչներ՝ հետազոտելու, ինչպես նաև համաճարակաբանական կապ գտնելով՝ տարբեր ձեռնարկություններ»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։
Արձագանքելով Առողջապահության նախարարի խոսքին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող վստահություն ունենալ, որ այսպես թաքնված, սողացող պրոցես տեղի չի ունենում, որն իքս պահի կպայթի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում