«Դրանով ասացինք, որ մենք էլ արհամարհում ենք իր անձը». Չընդունված դիմորդը՝ Արայիկ Հարությունյանի հետ «հանդիպման» մասին
Բուհեր չընդունված դիմորդները օգոստոսի 4-ին «հանդիպում» էին կազմակերպել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Դիմորդները պազապես ստեղծել էին նախարարի կերպարը և նստելով նրա շուրջ լուսանկարվել էին՝ այսպիսով իրականացնելով ֆլեշ մոբ։
Այս «հանդիպումից» դիմորդներից Հայկ Բաբալյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներ էր հրապարակել և կից գրառում կատարել. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։
Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։
Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնեց հանդիպել մեզ հետ։
Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք…
Հ.Գ. Ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»։
168.am-ի հետ զրույցում Հայկ Բաբալյանը նշեց, որ նման «հանդիպում» են կազմակերպել՝ ի պատասխան ԿԳՄՍ նախարարի արհամարհանքի, որ ցուցաբերում է իրենց նկատմամբ։
«Դիմորդները և նրանց ծնողները երկար ժամանակ պահանջում են հանդիպում նախարարի հետ, սակայն այդ հանդիպումը տեղի չունեցավ, սա պատասխանն էր նրա արհամարհանքի, դրանով ասացինք, որ մենք էլ արհամարհում ենք իր անձը։ Հիմնական ասելիքը հենց սա էր»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այս հավաքի ընթացքում դիմորդներով մի շարք հարցեր են քննարկել։
«Բոլորիդ հայտնի է, որ մենք հարցը տեղափոխել ենք իրավական դաշտ, հետագայում եթե ակցիաներ անենք, ապա դրան բոլորը տեղյակ կլինեն։ Իրատեսական է, որ դատական գործընթացի միջոցով կարող է մեր իրավունքները վերականգնել, կարծում եմ՝ ամեն ինչ կախված է դատավորից։ Երբ մենք ասում ենք, որ օրենք է խախտվել, դա փաստացի կա։ Մենք այլևս հանդիպում չենք պահանջի Արայիկ Հարությունյանի հետ, քանի որ հասկացել ենք, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհ չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի և Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին:
Այսինքն՝ եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ: