Խոխան խարաբ ա եղալ
Երբևէ Հայաստանի և Արցախի իշխանությունների տեսակետներում այսքան ներդաշնակություն չի եղել: Արցախի կառավարության անդրանիկ նիստի ժամանակ հայտարարել է երկրի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Մութ ուժերին կոչ կանեի դավադրություն չփնտրել: Չգիտեմ՝ նպատակը որն է՝ կասկածի տակ դնելու ՀՀ և ԱՀ իշխանությունների գործունեությունն արտաքին քաղաքական բնագավառում: Երբևէ երկու հայկական հանրապետությունների տեսակետներում այսքան ներդաշնակություն չի եղել, եթե կասկածողներ կլինեն, կբացեմ փակագծեր հետագայում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Երբևէ Արցախի և արցախցիների շահերն այսքան խիստ պաշտպանված չեն եղել: Որևէ չքննարկված փաստաթուղթ պետք չէ մատնացույց անել»,- նշել է նա:
Սա ՀՀ գործող իշխանություններին ակնահաճո կամ նրանց ուղղված առաջին սիրերգը չէ Արայիկ Հարությունյանի կողմից, թեպետ մոտ մեկ տարի առաջ Երևանում լրագրողների հետ հանդիպմանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրել էր՝ երբևէ չեմ քծնել իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ժամանակին կքծնեի գործող իշխանություններին։
«Այո, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, և դժգոհ՝ Արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից»,- շեշտել էր նա:
Նախքան արտաքին քաղաքական հարթությունում հիշեցումներին՝ անդրադառնանք ՀՀ-ԱՀ ղեկավարների հարաբերություններին առնչվողներին: Մասնավորապես, 2014-ի հուլիսին այն ժամանակ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանին առցանց ասուլիսի ժամանակ հարց էր ուղղվել՝ ՀՀ կառավարությունը փոխվեց, արդյոք մտերի՞մ էիք նախկին վարչապետի հետ (Տիգրան Սարգսյանը 2014-ի ապրիլի 3-ին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել, ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը), ինչին նա պատասխանել էր.
«Ես ՀՀ բոլոր պաշտոնյաների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Հնարավոր չէ ՀՀ պաշտոնյաների, ընդ որում՝ ոչ միայն վարչապետների, նախարարների, այլ բոլոր պաշտոնյաների հետ չլինեն նաև ընկերական հարաբերություններ: Եվ այսօր գործող վարչապետի հետ մենք ունենք, բացի աշխատանքային ջերմ հարաբերություններից, շատ ավելի ջերմ ընկերական հարաբերություններ»: (դիտեք 14:36 րոպեից):
Արցախի նախկին վարչապետի վերը նշված խոսքերին չհավատալ չենք կարող, քանի որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նա ուներ ընկերական հարաբերություններ (իհարկե, նրանց շատ առանձնակի հարցերում միավորում էր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշը)), շատ հարցերում համընկնում էին տեսակետները տնտեսական հարցերում, և Արայիկ Հարությունյանին հաճախ կարելի էր տեսնել Երևանում Տիգրան Սարգսյանի օրոք՝ նաև ոչ պաշտոնական այցերով: Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ ևս Արցախի ներկայիս նախագահին վարչապետ եղած ժամանակ հաճախ կարելի էր տեսնել, այսպես ասած, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կաբինետում:
Կարեն Կարապետյանի կառավարության օրոք Արայիկ Հարությունյանն առիթը բաց չէր թողնում նույնիսկ ոչ պաշտոնական այցերի դեպքում դիմավորելու, նրա հետ սրճելու, զբոսնելու, սկուտեր քշելու…
Ինչ վերաբերում է արտաքին հարցերին, տարաձայնություններին, այո, հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արայիկ Հարությունյանը միշտ հայտարարել է՝ Մադրիդյան սկզբունքներն Արցախի և իր համար անընդունելի են:
«Չեմ գտնում, որ, եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և համոզված եմ՝ երբ որ վերջում նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի իշխանությանը, բնակչությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ»,- վերոնշյալ առցանց ասուլիսի ժամանակ ընդգծել էր նա:
2 տարի հետո՝ 2016-ին, a1plus-ին տված հարցազրույցում ասել էր՝ փոխզիջման պատրաստ եմ, հող տալուն՝ ոչ:
Նշված հարցազրույցում հարցին, թե կան դիրքորոշումների տարբերություններ ՀՀ-ի և Արցախի ղեկավարության միջև ԼՂ հարցում, Արայիկ Հարությունյանն արձագանքել էր՝ հորդորելով չառանձնացնել Արցախի ղեկավարություն և ՀՀ ղեկավարություն, և շարունակել, որ թե՛ ՀՀ-ում, և թե՛ Արցախում կան մարդիկ, որոնք տարբեր մոտեցումներ ունեն՝ և՛ պետական ապարատում, և՛ ժողովրդի մեջ:
Հակադարձմանը, թե «Սերժ Սարգսյանը կազանյան հանդիպման ժամանակ համաձայնել է 5 տարածք վերադարձնել, արդյոք դա Ձեզ հետ քննարկե՞լ է, Հարությունյանը նշել է. «Ես ուզում եմ առաջնորդվել ՀՀ նախագահի այն հայտարարություններով, որ ցանկացած տարբերակի վերջում համաձայնություն պիտի տա ժողովուրդը: Սա ինձ բավարարում է, և մնացած հայտարարությունները՝ դա 5 շրջան կլինի, 7 շրջան թե 3, ինձ համար ընդամենը քննարկման նյութ է, իսկ վճռորոշ ձայնը լինելու է ժողովրդինը»:
Այսինքն, մեծ հաշվով, Արայիկ Հարությունյանին բավարարել են ՀՀ նախկին իշխանությունների վստահեցումները: Իսկ եթե եղել են տարաձայնություններ, թեկուզ՝ մադրիդյան սկզբունքների շուրջ, ապա ինչ-որ առումով տարակարծությունների առկայությունը վատ բան չէ, նույնիսկ՝ դիվանագիտական առումով շահավետ: Իսկ այն, որ այսօր ոչ մի տարաձայնություն չկա, ինչ-որ առումով մտահոգիչ է, քանի որ ՀՀ գործող իշխանությունները որևէ նոր տարբերակ ԼՂ խնդրի լուծման չեն առաջարկել, եթե անգամ չկան բանակցություններ, ապա միևնույն է՝ խնդրի շուրջ հաղորդակցման լեզուն առնվազն մնում են մադրիդյան սկզբունքները, ավելին, շրջանառության մեջ մտավ «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը:
Ի դեպ, օրերս Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե ՊԲ-ն պատրաստ է ազատագրել Արցախի գրավյալ տարածքները, հետաքրքիր է՝ սա ընկերաբար, բարեկամաբար, կամ պաշտոնապես քննարկվե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բանակցային հանդիպումներում ներկա պահին ներկայացնում է, ըստ էության, նաև Արցախը, և պետք է կարողանալ այս հայտարարությունն ընկալելի դարձնել: