«Ես երբևէ չեմ քծնել իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ժամանակին կքծնեի գործող իշխանություններին». Արայիկ Հարությունյան

Այսօր ԼՂ հարցի կարգավորման շուրջ ոչ մի բանակցություն չի ընթանում, ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է ՀՀ իշխանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Բանակցային գործընթաց չկա և չի եղել վերջին 10-12 տարում: Հանդիպումներ եղել են, բայց դրանք չեն կարող կոչվել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը: Չի կարող լինել բանակցություն՝ առանց Արցախի: Իսկ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններն ընդամենը հանդիպումներ էին ունենում և քննարկում ինչ-որ փաստաթղթեր, որոնց ընդհանուր տրամաբանությունն անընդունելի էր Արցախի և հայ  ժողովրդի համար: Այսօր ևս չի ընթանում որևէ բանակցություն, ընդամենը կոշտացել, խստացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է ՀՀ իշխանությունը»,- նշեց Արցախի նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չի կարող լինել, այն նախապայման է, և, որ հետագա զարգացումները կախված են նրանից, թե այս նախապայմանն ինչպես է ընդունվելու ԵԱՀԿ ՄԽ-ի, Ադրբեջանի կողմից:

«Մեր դիրքորոշումը խստացել է, կոշտացել, և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ անխախության կամ միացման տարբերակով, դարձել է նախապայման»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

168.am-ը հիշեցրեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակի հարցն առաջնային է համարվել ՀՀ նախկին իշխանությունների կողմից, և որ, մեծ հաշվով, ոչ մի նոր բան չի ասվել գործող իշխանությունների կողմից, ինչն ապացուցեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին: Որպես լրացում՝ նաև ուշադրություն հրավիրեցինք այն փաստի վրա, որ Մադրիդյան սկզբունքները դեռևս բանակցային սեղանին են, ինչին Արայիկ Հարությունյանը մշտապես դեմ է արտահայտվել:

Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ Արցախի կառավարության նախկին ղեկավարն արձագանքեց.

«Դեմ ենք եղել ոչ միայն Մադրիդյան սկզբունքներին, այլև բոլոր քննարկվող բանաձևերին՝ և՛ Քիվեսթյան, և՛ ընդհանուր առմամբ: Դուք ասում եք, որ Արցախի ինքնորոշման իրավունքը գլխավորն է եղել, այդպես չէ: Մադրիդյան սկզբունքները, որին մենք բոլորս ծանոթ ենք, դա չեն արտահայտում, այնտեղ ասվում է՝ անորոշ ժամանակահատվածից հետո, անորոշ կարգավիճակով, նույնիսկ «հանրաքվե» բառը չի օգտագործվում: Սա չի նշանակում,  որ Ղարաբաղի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը գլխավոր պայմանն է եղել: Եթե լիներ, ապա չէր քննարկվի անորոշ ժամանակը, կարգավիճակը: Մենք, ինչպես նշել է վարչապետը, երկար ենք ապրել այդ միջանկյալ կարգավիճակով, և երբևէ այդ միջանկյալ կարգավիճակն Արցախի համար նպաստավոր չի եղել: Մադրիդյան սկզբունքներին ի սկզբանե պետք է դեմ արտահայտվեինք, Արցախի ժողովուրդը միշտ դեմ է արտահայտվել»:

Մեր հակադարձմանը, որ ՀՀ երկրորդ նախագահը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում հորդորել է Արցախին՝ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և հստակ դիրքորոշում հայտնել կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ՝ հենվելով Արցախի Սահմանադրության վրա, և չվախենալ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններից, Արայիկ Հարությունյանը զգուշացրեց՝ ՀՀ-ում և Արցախում այն իշխանությունը, որը շեղվեց իր վերը նշած կուրսից, երկար կյանք չի ունենալու:

«Եթե իշխանությունները գնան այնպիսի տարբերակի, որը չլինի մեր ժողովրդի համար ընդունելի քննարկման նյութ՝ կա՛մ պիտի կատեգորիկ հրաժարվի բանակցություններից, կա՛մ արժանանալու է նույն ճակատագրին. ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

168.am-ն Արցախի նախկին վարչապետին հիշեցրեց նաև ՀՀ նախկին իշխանությունների հետ իր ունեցած դրական հարաբերությունների մասին, և այն, որ այսօր նա գովեստի խոսքեր է շռայլում ՀՀ գործող ղեկավարներին՝ նախկիններին քննադատության ենթարկելով:

Այս համատեքստում մեջբերեցինք նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցից մի ակնարկ, թե՝ «անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ՝ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»:

Ի պատասխան նշված հարցադրումներին և այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն իրեն նկատի ուներ, Արայիկ Հարությունյանը նախ հորդորեց այդ հարցը տալ Ռոբերտ Քոչարյանին, այնուհետ վստահեցրեց. «Ես երբևէ չեմ քծնել իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ժամանակին կքծնեի գործող իշխանություններին: Այո, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, և դժգոհ՝ Արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից»:

168.am-ի մյուս հարցերի պատասխանները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս