«ՄԻԵԴ-ում քննվում է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի». Սայաթ Շիրինյան

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, շեշտեց, որ հարցազրույցին արձագանքողներից մեկը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ներողություն եմ խնդրում, քանի որ արձագանքողներն ամեն ինչ տեղափոխել էին անձնական վիրավորանքների դաշտ, ես պետք է դրանց համարժեք պատասխանը տամ։ Բա այն բեղիկներով Քոչարյան Անդոն, այսօր նա ի՞նչ է ուզում հասարակությանն ապացուցել։ Նա հասարակությանը պատասխանելու լիքը հարցեր ունի, աղետի գոտու թալանը, որ մինչև օրս վերագրվում է  իրեն, ինչո՞ւ դրա հետ կապված պատասխան չի տալիս։ Ըստ օդում կախված լուրերի՝ ասում են, որ այդ թալանից հետո Ֆրանսիայում տուն է  գնել, թող դրա պատասխանը տա։ Նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է խոսի, քանի որ ժողովուրդն արդեն նրա դատավճիռը կայացրել է, այդ ո՞ր ժողովուրդը, ձեր զոմբինե՞րը»,- ասաց Սայաթ Շիրինյանը։

Ըստ նրա, եթե որևէ մեկը համաձայն չէ իր ասածների հետ, որ Ռ. Քոչարյանի հարցազրուցին արձագանքողները Տեր -Պետրոսյանի ախոռի կենդանիներ են, կարող են դիմել դատարան, և ինքը կապացուցի, որ ճիշտ է։

Խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից, Սայաթ Շիրինյանը նկատեց, որ ՍԴ ճգնաժամ, որպես այդպիսին, գոյություն չունի։ ՍԴ-ի երեք դատավորների լիազորությունների դադարեցումը համարում է սահմանադրական կարգի կլասիկ տապալում։

«Մինչ այս ՍԴ-ում նորմալ ընթանում էին գործընթացները, նիստեր էին տեղի ունենում, բայց այսօր որևէ նիստ տեղի չի ունենում, որևէ որոշում չի կայացվում, հետևաբար՝ հիմա արդեն իսկ առկա է ճգնաժամ։ ՍԴ երեք դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և վաղ թե ուշ իրենց իրավունքները վերականգնելու են։ Այսօր ՄԻԵԴ-ում քննվում է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի, դուք պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի՝ սա անբարոյականություն է։ Այն ժամանակ, երբ հայց էր ներկայացնում ՄԻԵԴ, ընդդիմադիր գործիչ էր, բա հիմա երկրի ղեկավար է, կարող էր հետ վերցնել, սա մեկ բան է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանն ազգային մտածողություն, արժանապատվություն ու ինքնասիրություն չունի, այլ կերպ ասած՝ նա թասիբ ու նամուս չունի»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս