Առաջիկայում մարտահրավերային է լինելու իրավիճակը թե՛ սահմանին ու շփման գծում, թե՛ Արցախյան բանակցային գործընթացում․ Մալաշենկո
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս ռուսական համանախագահության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպումը կազմակերպելու ջանքեր է ներդնում։ Այս մասին օրերս տեղեկացրել էին ռուսական լրատվամիջոցները։
Օրերս ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ դիրքորոշումն էր 7 կետերի միջոցով ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժեց։ Նախօրեին էլ հայկական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ երկու տարվա ընթացքում երեք աշխատանքային ուղղություն է ունեցել։
«Առաջին ուղղությունը վերաբերում է, ինչպես Դուք ասում եք, սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու փոխզիջման։ Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառն իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանն այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով»,- նշել էր Մնացականյանը։ Որպես երկրորդ ուղղություն՝ նա խոսել էր միջավայրի ձևավորման մասին, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:
«Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին»,- ասել է նախարարը։
Եվ երրորդ հիմնական ուղղությունը, նրա խոսքով՝ Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ:
«Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանություններն իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
Իսկ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի համար կարևոր է միայն մեկ պայման, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն դուրս բերի իր զորքերը Ղարաբաղից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններում վերջին երկու տարիներին արձանագրվող լավատեսությունը մի օր պետք է վերածվեր նման իրավիճակի, քանի որ այդ լավատեսությունն անհիմն ու անմտածված էր։
«Իրական դիրքորոշումներն արտացոլվում են այսօր, մեկը՝ մի փոքր մեղմ, մյուսը՝ ընդհակառակը, սակայն դրանից չի փոխվում բովանդակությունը, կողմերից որևէ մեկի պահանջը հակառակ կողմից ընդունելի չէ, դա փաստեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին ելույթները։ Ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա հանդիպմանը, ոչ մի կողմին չբավարարող խոսակցություն և Մինսկի խմբի գործառույթի իրագործում։ Սա փակ շղթա է, որի հանգուցալուծումը դեռ չի ուրվագծվում, քանի որ բալանսավորված զիջումների, ինչպես կողմերից մեկն է պնդում, պատրաստակամություն չկա։
Այս իրավիճակում միակ ելքը հանդիպումների շարունակականությունն ինչ-որ կերպ ապահովելն է ու իրավիճակի սրում թույլ չտալը, որը բավականին մեծ աշխատանք է պահանջում հատկապես միջնորդ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, որոնցից և ոչ մի երկրի համար այս հակամարտության գոտում իրավիճակն առաջին տեղում չէ։ Ոչ մի համանախագահ երկիր անընդհատ կերպով խորությամբ չի կարողանում զբաղվել այս հակամարտությամբ, որի հետևանքով իրավիճակն անուշադրության է մատնվում, առաջանում լարվածություն, բռնկվում մարտական գործողություններ։ Ռուսաստանն ինքնին ունի բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, դրանցից որոշները՝ Թուրքիայի հետ, և եկել է պահ, երբ այս հարցով ևս ռուս-թուրքական զրույցներ են տեղի ունենում, քանի որ մասամբ Թուրքիան ներքաշվում է այս ամենում և սկսում դառնալ տարածաշրջանային լուրջ դերակատար, քանի որ աջակցում է Ադրբեջանին։
Դրանով մարտահրավերներ են ձևավորվում նաև Մինսկի խմբի համանախագահների համար, ուստի կարծում եմ, որ առաջիկայում մարտահրավերային է լինելու իրավիճակը թե սահմանին ու շփման գծում, թե բանակցային գործընթացում։ Սպառնալիքները բազմակողմանի են ու բարդ, իրավիճակը պայթյունավտանգ է, կարգավորում մոտ ապագայում չեմ կանխատեսում»,- ասաց նա։