Բաժիններ՝

«Սփյուռքի հանձնակատարն ի՞նչ  գործ է արել, որ գնացել է հանգստանալու». Արտեմիս Լեփեջյան

Հայաստան տեղափոխված սիրիահայերը, որոնք համավարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական սահմանափակումների պատճառով հայտնվել էին անելանելի վիճակում, այդպես էլ որևէ աջակցություն չեն ստացել պետական կառույցներից:

Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների» ընկերակցության հիմնադիր-նախագահ Արտեմիս Լեփեջյանը։ Միևնույն ժամանակ  երախտագիտությամբ նշեց այն մի քանի հասարակական կառույցների անունները, որոնք այս օրերին հիշել և աջակցել են սիրիահայերին.

«Հիմա ՀՅԴ-ի հետ էի խոսում՝ 40 ընտանիքի մեր դիմումով սնունդ են բաժանելու, Մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակն էլ ՄԱԿ-ի միջոցով շուրջ 100  ընտանիքի ֆինանսական օգնություն պիտի տա (ամբողջը պարտական ենք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և իր տեղակալին),  Հայ Բարեգործական ընդհանուր միությունը կորոնավիրուսից մեկ ամիս անց 50 հազարական դրամ է  տվել 200 ընտանիքի»:

Իսկ ի՞նչ է արել   Հայաստանում սփյուռքահայերի հարցերով  զբաղվող միակ պաշտոնական կառույցը, ըստ Արտեմիս Լեփեջյանի՝ ոչինչ, ոչ մի աջակցություն չի ցուցաբերել հազարավոր ներգաղթյալներին, որոնք  իրենց ապագան որոշել են կապել Հայաստանի հետ.

«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից գիտե՞ք՝ մեզ ինչ պատասխանեցին. «Մենք  տեղյակ ենք խնդրին, բայց մենք ներգաղթողների համար հատուկ ծրագիր չունենք աջակցման, մենք ձեզ կարող  ենք ուղղորդել հասարակական կազմակերպությունների մոտ, որպեսզի իրենք աջակցեն»: Ինչո՞ւ՝ ես ողորմությո՞ւն էի խնդրում իրենցից:

Սփյուռքի հանձնակատարն ի՞նչ  գործ է արել, որ գնացել է հանգստանալու, ի՞նչ գործ է արել: Կամ ինչո՞ւ է գնում  Գլենդել. էստեղ  այս կորոնավիրուսի ժամանակ մարդիկ նույնիսկ տան վարձ չեն կարողանում տալ, ոչ մի տեղ չգիտեն դիմելու, ոչ մի բանից  չեն օգտվել: Քիչ չեն Սիրիայից եկողները՝ 8000 հոգի. 27 հազար եկել են, մնացել են 8000, և նրանք պետական ոչ մի աջակցություն չեն ստացել, իսկ նա էդպես է պատասխանում ու թողնում-գնում»:

Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների» ընկերակցության հիմնադիր-նախագահը վստահեցնում է, որ նրանց չեն արձագանքել նույնիսկ նախագահը և վարչապետը: «Դիմել ենք ԱԺ նախագահին, դիմել ենք խմբակցություններին, հատկապես՝ ամենամեծ խմբակցությանը,  դիմել ենք պարետին, դիմել ենք վարչապետին, նախագահին՝ ոչ մեկից նույնիսկ պատասխան չենք ստացել: Միայն  Սոցապնախարարությունից հայտնել են՝ մենք գրում ենք, թող իրենք հետևեն ու տեսնեն՝ որ ծրագրից կարող են, թող օգտվեն:  Խուճուճ բան են գրում. ես որ լավ գիտեմ արևելահայերեն, երկու համալսարան եմ ավարտել, ոչ մի բան չեմ հասկանում իրենց գրածից, մարդիկ արհեստավորներ են՝ հաճախ ընդամենը  չորրորդ-հինգերորդ դասարանի կրթությամբ, ինչպե՞ս հասկանան իրենց գրածները»,- մեզ հետ զրույցում ասաց Արտեմիս Լեփեջյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս