«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ». Նաիրա Կարապետյան
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ նմանատիպ քայլերը թեև ողջունելի են, բայց ուշացած են. «2 տարի է՝ Թուրքիան բացահայտ կերպով ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը Հայաստանի և արցախյան հիմնախնդրի նկատմամբ: Վերջերս Թուրքիայի հայտարարությունները բոլոր տրամաբանական և թույլատրելի սահմանները հատել էին՝ խոսքը հենց ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտնի հաղորդագրության մասին է, որ՝ եղբայրական Ադրբեջանի համար պատրաստ ենք զոհաբերել անգամ մեր կյանքը: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը զսպող, սթափեցնող կոչ է՝ ուղղված ԵԱՀԿ անդամ երկրներին, որ, այնուամենայնիվ, Թուրքիան կողմնակալ կողմ է, և գոնե այս ձևաչափում եթե ոչ՝ կասեցնել նրա անդամությունը, ապա՝ զսպել է պետք»:
Նա հիասթափված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից. «Անհասցեականությունը թևաթափ է անում, որովհետև ինչպես տեսանք՝ վերջին արտահայտությունները որևէ կերպ տեղ չեն գտել որևէ միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ. խոսքը կոնկրետ Ժնևի հռչակագրի խախտման մասին է, այն է՝ Ադրբեջանին տեռորիստական պետություն հռչակելը: Չէ՞ որ, եթե մի պետություն սպառնում է այլ երկրի խաղաղ բնակչությանը (Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին է խոսքը), ապա գոնե արձագանք, գոնե հայտարարություն, էլ չեմ ասում՝ կոնկրետ քայլեր և պատժամիջոցներ այդ պետության հանդեպ պետք է արվեն: Այն, ինչ տեսանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, երկու վտանգ ուներ իր մեջ՝ Ադրբեջանին հասցեական զսպվածության կոչ չանելն էր և Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցություններին շուտափույթ անցնելը: Ստեղծված իրավիճակում ՄԽ համանախագահները պետք է մի քիչ ավելի զսպված արտահայտություններ անեն»:
Նախկին պատգամավորի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը թերացել է, քանի որ նախ՝ բարեհաջող կերպով թաղել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը. «Նմանատիպ արտահայտությունը դիվանագիտական նվեր էր, նման նվերներից չի կարելի չօգտվել: Այդպիսի արտահայտություն անող պետությունը կամ տոտալ ինքնավստահություն ունի, որ ինքը չի պատժվելու, կամ պարզապես գնում է վա-բանկ»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերին՝ Նաիրա Կարապետյանը հետևյալն ասաց.
«Դիմել Ադրբեջանին խաղաղարար կոչերով այն ժամանակ, երբ նույն Ադրբեջանը սպանում է հայ ժողովրդի զավակներին, հարվածում է խաղաղ գյուղերին, սա անլրջություն է, սա պարզապես փորձ է՝ ցույց տալու, որ մենք այդքան չենք կարևորում այն, ինչ հիմա տեղի է ունենում, և շարունակում ենք խաղաղ ակցիան: Ներողություն, խաղաղ ակցիան կարելի է անել համեմատաբար խաղաղ ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ: Սա նոնսենս է: Այն դեպքում, երբ Մեհրիբան Ալիևան դիմում է կոչով և քաջալերում վայրագություններ կատարող այն ադրբեջանցիներին, ովքեր արդեն օտար երկրներում են հարձակվում հայերի վրա, և գազանություններ են տեղի ունենում, հասունանում է մի ալիք, որի մեջքին կանգնած է Մեհրիբան Ալիևան, այստեղ սեփական PR-ի ժամանակը չէ: Պետք չէ ցույց տալ, որ՝ տեսեք՝ Մեհրիբանը ռազմատենչ է, իսկ ես՝ խաղաղարար: Պետք է անել կոնկրետ գործողություններ, ցույց տալ, որ մենք ամուր պետություն ենք, որ ունենք մարտունակ բանակ, անվախ բնակիչներ, փառք և պատիվ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այդ անվախ մարդկանց, ովքեր չլքեցին իրենց տները, չգնացին ոչ մի տեղ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում