«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ՝ արտասահմանյան բժիշկների կողմից։

168.am-ն այս առնչությամբ հարցեր էր ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Խնդրել էինք պատասխանել՝ ի՞նչ միջոցներ եք նախատեսում ձեռնարկել Գագիկ Խաչատրյանի անհրաժեշտ բուժումն իրականացնելու նպատակով, պատրաստվո՞ւմ են արդյոք քայլեր ձեռնարկել նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ու այնտեղ բուժման համար բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ, և նախատեսվո՞ւմ է արդյոք հրավիրել կոնսիլիում Գագիկ Խաչատրյանի բուժման անհրաժեշտ ուղղությունը որոշելու համար՝ ունի՞ արդյոք վիրահատության կարիք, ինչպե՞ս է դա կազմակերպվելու, արդյո՞ք թույլատրվելու է արտասահմանից մասնագետներ հրավիրել: Առհասարակ ինչպե՞ս է կատարվելու ՄԻԵԴ պահանջը:

Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեզ պատասխանել էին, որ Գագիկ Խաչատրյանի դիմումի կապակցությամբ սույն թ. հուլիսի 21-ին ՄԻԵԴ կողմից կիրառված միջանկյալ միջոցի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի, որ դիմումատուն ստանա իր առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն Հայաստանում, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով:

«Դիմումատուին պետք է հնարավորություն տրվի կազմակերպել իր բուժզննումն ու բուժումը իր նախընտրած բժիշկ մասնագետների կողմից, ներառյալ՝ օտարերկրյա մասնագետների կողմից՝ իր ծախսերի հաշվին, Հայաստանում»,- գրված է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակից ստացված պատասխանում: Նշվել է նաև, որ ՀՀ իշխանություններից պահանջվում է նաև ապահովել, որ դիմումատուն, ըստ նշանակման, ստանա նաև ֆիզիոթերապևտիկ բուժում:

Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ այս մասին իրազեկված են ներպետական շահագրգիռ գերատեսչությունները, որոնց հետ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը գտնվում է ակտիվ համագործակցության մեջ՝ կիրառված միջանկյալ միջոցի պահանջների կատարումը լավագույնս կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է արվելու նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ու այնտեղ բուժման համար բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ, և նախատեսվո՞ւմ է արդյոք հրավիրել կոնսիլիում Գագիկ Խաչատրյանի բուժման անհրաժեշտ ուղղությունը որոշելու համար՝ ունի՞ արդյոք վիրահատության կարիք, ինչպե՞ս է դա կազմակերպվելու, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրել էին, որ հարցերի այդ շրջանակը դուրս է Եղիշե Կիրակոսյանի և նրա գրասենյակի լիազորության շրջանակներից:

«Եվրոպական դատարանի կողմից սահմանված սեղմ ժամկետում ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ պետք է տեղեկություն տրամադրի միջանկյալ միջոցի կիրառման որոշմամբ նշված ձեռնարկված միջոցների մասին: Այս մասին համապատասխանաբար գործի հրապարակման թույլատրելիության սահմաններում տեղեկացում կտարածվի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից»,- նշված է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից ստացված պատասխան գրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս