«Համայնքը 2 ոտը կոխել ա մի կոշիկի մեջ, ասում ա՝ «էսի իմ տարածքն ա, չեմ տալիս»». Հայկ Բաղդասարյան
Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանն այնքան էլ համակարծիք չէ Արաբկիրի թաղապետարանի այն պնդումներին, թե տոնավաճառի առկայությունը խանգարում է այդ հատվածի երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է տարածքի բնակիչների ու կից գործող տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը:
«Եթե տոնավաճառը բացվի, լինեն դժգոհություններ, կարանք դնենք լրիվ չեզոք՝ տոնավաճառի հետ էլ կապ չունենա, թաղապետարանի հետ էլ կապ չունենա, չեզոք հանձնաժողով սկսի մոնիտորինգ անցկացնել: Եթե մի հոգի դժգոհ լինի, 20 հոգի գոհ են ըլնելու, էդի ես ձեզի խոսք եմ տալիս»,- ասաց Հայկ Բաղդասարյանը:
Գյուղացիներին թաղապետարանն առաջարկել է իրենց ապրանքն իրացնել կա՛մ Փակ Շուկայում, կա՛մ Հրազդան տոնավաճառի տարածքում:
«Դա համայնքի տարածքն ա, համայնքը պետք է տրամադրի, համայնքն էլ չի տրամադրում, 2 ոտը կոխել ա մի կոշիկի մեջ՝ «էսի իմ տարածքն ա, չեմ տալիս»: Ուրեմն, պարոն Դանիելյան ջան, հենց որ մեր քարտեզից էդ տարածքը կգծվի, կառանձնանա, նոր իրավունք կվերապահես, կասես՝ էդ քո տարածքն ա: Ինչքան քոնն ա, էնքան ցանկացածինս ա և ձերը:
Ընդունելի ա ոչ թե մի տարածք, բոլոր համայնքներում թող 5 հատ բացվեն, դուք էլ կօգտվեք, մենք էլ կօգտվենք դրանից: Բայց եղածը չքանդենք, ամբողջ խնդիրը դա ա: Կրակը չենք ընկել, որ առաջվանները մի հատ լավ բան են արել, էդ էլ քանդե՞նք, թե ինչ ա՝ հնից ա եկել»,- ասաց Հայկ Բաղդասարյանը:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, թե գյուղացիներին առաջարկվել է այլ տարածք, բայց կարծես գյուղացիները դրան համաձայն չեն:
«Առաջարկել են իրենց ավելի բաց տարածք, որտեղ երթևեկությանը ոչ մի խոչընդոտ չկա, շրջակա միջավայրի, կեղտի բան չկա, տարածքը ավելի մեծ է, առաջարկվող տարածքը՝ նախկին Հրազդան տոնավաճառի տարածքը: Դե հիմա գիտեք ոնց, եթե քաղաքի սրտում երթևեկությունը ամբողջ խոչընդոտվում է, բնակիչների, հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների մոտ խնդիր է առաջանում, իրանց էլ տալիս են այլ տարածք, որը որ կոչվում ա տոնավաճառ»,- ասաց Հակոբ Գրիգորյանը:
Հ. Գրիգորյանը, անդրադառնալով այլ երկրներում գործող տոնավաճառներին, ասաց, թե տոնավաճառներում վաճառք այլ երկրներում մայրուղիների վրա է լինում, որ ոչ մեկի չխանգարի, ում որ պետք է, գնան օգտվեն: Հակոբ Գրիգորյանն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե խորհրդակցության է, ու առաջարկեց խնդրին, ինչպես նաև տարածքի բնակիչների ամբողջ տարվա բողոքներին ու հարակից տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած խնդիրներին ծանոթանալ վաղը՝ հենց թաղապետարանում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում