«Մեր ամբողջ երկիրը հիմա տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախչում են»․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը։
«Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ես խիստ կասկածում եմ, որ կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ պրոցեսները, որոնք այսօր աշխարհում տեղի են ունենում»,- երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցացրույցում ասաց նա՝ ընդգծելով՝ ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Նրա խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում շատ հետաքրքիր նոր տենդենց կա՝ ազգային արժեքների համար պայքարելու տենդենց․ «այս գործընթացում առաջատարներն այսօր Չինաստանն ու Ռուսաստանն են, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, հզոր մշակույթ, որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր է խաղում։ Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն ՀԿ-ներից, որոնք ձևավորվել են գլոբալիզացման երկրորդ «թրեկից», և ամբողջ երկիրը հիմա տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախչում են։ Եվ այս վեճերը՝ ազգային արժեքների, եկեղեցու մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազնց կարևոր բաղադրիչն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, կրթական ծրագրերից։ Մեզ տանում են մի թրենդի մեջ, որն այսօր մարվում է և որից ուրիշները այսօր փախչում են»։
Այս բաղադրիչներն, ըստ նրա՝ պետք է կապել արտաքին քաղաքականության հետ։