«Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի ակտիվությանը՝ ասաց, որ սա աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է․ «Թուրքիայի ամբիցինոները այսօր և 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից։ Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմակայանն է Հայաստանում։ Այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, և ինչ հետևանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում՝ ռազմական բազայով։ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզորն է»։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ երկրորդ նախագահն ասաց, որ դրանք անկասկած ուժի ցուցադրում են։

«Անկասկած, զգուշացում է, որ կարող է լինել նաև այսպիսի զարգացում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե կա կարծիք, որ այդ զորավարժությունները Հայաստան ներխուժման փորձ են լինելու։

«Նման կարգի մասշտաբային զորավարժությունները ոչ միայն զորավարժություններ են՝ զորավարժությունների համար, այլ լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Չեմ կարծում, որ դա կարող է վերածվի ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո, այդպես է»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս