
Իրանը բալիստիկ հրթիռների արձակում է անցկացրել զորավարժությունների ժամանակ

Իրանի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում են անցկացրել գետնի տակից: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մի մասն է) Պարսից ծոցի շրջանում եւ Հորմուզի նեղուցի արեւմտյան մասում ձեռնամուխ է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը:
Գործակալության տվյալներով՝ Իրանի զինվորականները վարժանքների երկրորդ օրը, որը մեկնարկել է հուլիսի 29-ին, կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում: Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որը ուղեծիր է դուրս բերվել ընթացիկ տարվա ապրիլին:
Բացի այդ, նախօրյակին հաղորդվել էր, որ Իրանը նաեւ կատարելագործել է գրոհը ամերիկյան ավիակրի դեմ՝ դրա համար գործարկելով նավի մակետը:
Զորավարժությունները մեկնաբանել է նաեւ ԻՀՊԿ-ի հրամանատար Հոսեյն Սալամին, հայտարարելով, որ Թեհրանի քաղաքականությունը եւ ռազմավարությունը նպատակամիտված է իր կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանությանը եւ կրում է պաշտպանիչ բնույթ: Սակայն, հավելել է նա, մարտավարական չափումը հակառակորդի կողմից ոտնձգությունների դեպքում նախատեսում է նաեւ հարձակողական գործողություններ, որոնք մշակվել են այդ թվում զորաշարժերի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: