«Պատերազմից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր․ ուզում ես՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ». Արգիշտի Կիվիրյան

«Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները նոր չեն սկսվել, դրանք սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, բայց այն ժամանակ որոշակի առումներով պահվում էր հավասարակշռություն: Այդ խնդիրները կտրուկ խորացան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Եթե այն ժամանակ բազմաթիվ խնդիրներ դժվարությամբ էին լուծումներ գտնում, ապա հիմա, կարելի է ասել՝ որևէ խնդիր լուծում չի գտնում: Ընդհանրապես, կարելի է ասել՝ երկու երկրների քաղաքական իշխանությունների միջև հարաբերություններ չկան, և դա գնալով զգացնել է տալիս»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ հենց դրա համար է Ռուսաստանը հայտարարում, որ իրենց դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ ՀՀ այս կամ այն իշխանությունը. «Ռուսաստանը դա դարձրել է իր քաղաքականության անքակտելի մասը, որովհետև ի դեմս ՀՀ իշխանությունների՝ չի տեսնում ադեկվատ քաղաքական գործընկեր»:

Ա. Կիվիրյանի խոսքով՝ այս պահին Ռուսաստանը ձեռնարկում է գործողություններ, որպեսզի չեզոքացնի լայնածավալ պատերազմի վտանգը. «Ռուսաստանի շահերից չի բխում, որ իր սահմանի վրա, երբ ինքն ունի խնդիրներ տարբեր տարածաշրջաններում, ստանա ևս մեկ թեժ կետ: Վերջին օրերին իր ողջ գործողությունները վկայում են այն մասին, որ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր պետությունների ղեկավարությունների հետ կոնտակտի մեջ մտնելով՝ հասկացնել, որ ինքը թույլ չի տա այստեղ լայնածավալ գործողություններ»:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նա ասաց, որ Էրդողանի Թուրքիան փորձում է է՛լ ավելի խորացնել իր Օսմանյան պրոյեկտը. «Եթե Ալիև ավագը դեռ փորձում էր վարել որոշակի ինքնուրույն քաղաքականություն, Իլհամն իր վարած ոչ հեռանկարային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը Թուրքիայի ավելի մեծ ազդեցության տակ գցեց: Ադրբեջանի պարագայում խաղի մեծ դաշտերը նեղացել և սահմանափակվել են Թուրքիայով, և քանի որ տավուշյան դեպքերի ժամանակ պարտված դուրս եկան, իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ այդ թուրքական նախագիծն ընդունակ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը: Այս զորավարժությունների հիմնական նպատակն ուղղված է նաև ներքին դաշտին: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքը միշտ ձգտելու է լայնածավալ գործողությունների: Գլոբալ առումով նման ցանկություն չունի նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան էլ բազմաթիվ տարածաշրջաններում խրված է բազմաթիվ կոնֆլիկտների մեջ»:

Խոսելով տավուշյան մարտերի մասին, նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանում մի խայտառակ իրավիճակ է, երբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ անցյալի ռազմական գործիչներին փորձում է դատել, սակայն այդ գործիչների զավակների հաղթանակը փորձում է վերագրել իրեն:

«Եթե դուք նայեք երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ դա թռիչք է մի կետից մեկ այլ կետ՝ մեկ մի բան է հայտարարում, մեկ՝ մեկ այլ բան: Բանակը վարում է ռազմական գործողություններ, իր ընտանիքի անդամները խաղաղություն են քարոզում. Աբսուրդ է, չէ՞, երբ ռազմական գործողությունների ժամանակ անձին փորձում ես խաղաղություն քարոզել: Խաղաղություն քարոզում են, երբ պատերազմը ողջ ծավալով ավարտված է և ստորագրված է համապատասխան պայմանագիր: Բոլոր հարցերը երբ լուծված են՝ դրանից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դիվանագիտական մեկ գիծ ունենալ, որ աշխարհը հասկանա, թե ի վերջո Հայաստանի  ղեկավարության ուզածն ինչ է:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած կառույց, որը չի ենթարկվում իրեն, պետք է կազմաքանդվի. «Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ պետք է կազմաքանդի բոլոր կուսակցությունները և խմբերը, որոնք իրեն չեն ենթարկվում, և մյուս կողմից՝ ամեն գնով թույլ չի տա, որպեսզի ստեղծվեն քաղաքական իրեն ոչ ենթակա մեծ միավորներ: Հենց դրա համար, վերջիվերջո, ԱԱԾ պետ նշանակվեց մի երիտասարդ, որի միակ գործառույթն անվերապահորեն Նիկոլ Փաշինյանի ցանկացած քմահաճույք կատարելն է: Տարբեր ձևերով փորձելու են իրենց ոչ հաճո անձանց և խմբերին չեզոքացնել՝ հիմնականում օգտագործելով ԱԱԾ տեղեկատվական բազան և շանտաժի ենթարկելով այս կամ այն անձին: ԲՀԿ-ից մեկ հոգի դուրս եկավ, և ակնհայտորեն, նրանք աշխատում են նաև այլ մարդկանց վրա»:

Մանրամասները 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս