«Վրաստանն այն քիչ երկրներից է, որի ազգային շահերից չի բխում կոնֆլիկտը տարածաշրջանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և իր տարածք այդ ամենի տեղափոխումը». վրացագետ

«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում. «Այսօր կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել՝ «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսներով:
Սա ոչ այլ ինչ է, քան ռազմատենչ կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում:

Իսկ հակահայկական բողոքի հավաքից հետո, նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի:

Սա շատ վտանգավոր միջադեպ է, և կարծում եմ՝ Վրաստանի իրավապահ մարմինները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ մեղավորներին պատժելով օրենքի ամբողջ խստությամբ: Հակառակ դեպքում այն հղի է անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով»,- գրել էր նա։

168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն  ասաց, որ օրինապահ մարմիններն իրավիճակը վերահսկում են, և եթե համեմատության մեջ դնեն և դիտարկեն տարբեր երկրներում տեղի ունեցած ակցիաները, որին մասնակցում էին հայերն ու ադրբեջանցիները, և թե այդ երկրներում ինչ էր կատարվում,  ապա նույն բանը Վրաստանում չենք տեսնի։

«Եղել են բողոքի ցույցեր, աջակցության ցույցեր դեսպանատների առջև, Ջավախքում մեծ պատերազմի դեմ քարոզող ցույց էր տեղի ունեցել։ Մառնեուլում այլ տիպի բողոքի ակցիա է եղել, բայց ոչ մի տեղ որևէ բախում չի եղել։ Կարծում եմ՝ պետք է ֆիքսենք, որ Վրաստանն այն քիչ երկրներից է, որի ազգային շահերից չի բխում կոնֆլիկտը տարածաշրջանում, նախ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և առաջին հերթին՝ իր տարածք այդ ամենի տեղափոխումը։ Վրաստանն ունենալով ռազմավարական համագործակցություն Ադրբեջանի հետ, նույնիսկ այս պարագայում թույլ չեն տա, որ տեղի  հայ համայնքն ինչ-որ ձևով տուժի»,- նշեց Ջ. Մելիքյանը։

Ըստ նրա՝ Վրաստանը թույլ տվեց, որպեսզի բողոքի ակցիա լինի ՀՀ դեսպանատան մոտ, որտեղ հայտնվեցին մի քանի ադրբեջանցիներ՝ իրենց ցուցապաստառներով։ Իսկ արդեն մի քանի օր անց ավելի մասշտաբային բողոքի ակցիա տեղի ունեցավ նույն վայրում, որտեղ հայ համայնքն ավելի խելամիտ գտնվեց՝ բողոքի ակցիայի համար չգնացին Ադրբեջանի դեսպանության մոտ։

«Հայ համայնքը հենց Հայաստանի դեսպանության առջև կանգնեց, մի քանի լեզվով հայտարարություն արեց՝ ի աջակցություն Հայաստանի ու հայ ազգի։ Մերոնք ավելի կոնստրուկտիվ են, խաղաղությանը միտված քայլեր են անում։ Ադրբեջանական համայնքն ավելի ռադիկալ է և փորձում է իրենց շահերից ելնելով հանդես գալ, ուստի բոլոր թեզերը, որոնք առաջ են քաշում՝պարզ է, որ Բաքվի թեզերից չեն տարբերվում, ուստի այս պարագայում պետք է նաև իրենք ցույց տան իրենց ուսումնասիրողներին, որ իբրև Վրաստանի Կառավարության հետ համերաշխ են։ Ուրիշ հարց է, որ տարածքային ամբողջականության մասին կա Վրաստանի հստակ դիրքորոշումը։ Շատ կարևոր է, որ Տավուշի դեպքերին զուգահեռ՝ Բաքուն բավականին դժգոհ էր Թբիլիսիի մոտեցումից և պաշտոնական հայտարարություններից, որտեղ շեշտը դրվում էր ոչ թե ինչ-որ տարածքային ամբողջականության, այլ տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա։ Գուցե այսօր նրանք փորձում են ներքին որոշ խնդիրներ ստեղծել Վրաստանի իշխանությունների համար։ Կարծում եմ՝ այդ ամենը չի ստացվի, և Վրաստանը կկարողանա դիմակայել և բոլոր այդպիսի սադրիչներին ժամանակին հայտնաբերել»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս