«Նախարար, հեռացի՛ր». դիմորդները պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ծնողներին և ուսանողներին փոխանցեց, որ այս պահին կարող են առաջարկել հանդիպում միայն փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որից նրանք հրաժարվեցին: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշեց, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
«Մենք այս հարցի հետ կապված այլևս ցանկություն չունենք հանդիպել Գրիշա Թամրազյանի հետ: Մենք պահանջում ենք, որ վերականգնվի այն դիմորդների սահմանադրական իրավունքը՝ սովորելու իրավունքը, որը որ ոտնահարվել է, այդ խնդրի հետ կապված պահանջում ենք հանդիպում միմիայն նախարարի հետ»,- ասաց Բաբալյանը:
Դիմորդի ծնողն անդրադարձավ նաև նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ֆեյսբուքյան լայվին, որի ընթացքում վերջինն ասում էր, որ պատշաճ իրազեկում եղել է, ինքն է լայվով խոսել այդ մասին, ԳԹԿ ներկայացուցիչները՝ տարբեր եթերներում:
«Ասում է՝ իմ լայվին 57.000 դիտում կա, կներեք, այդ 57.000 դիտորդը կարող է կապ էլ չունենային բուհի համար հայտեր ներկայացրած դիմորդների հետ: Կամ ասում է՝ ԳԹԿ աշխատակիցները հեռուստատեսությամբ բազմիցս խոսել են, է, դիմորդը նստած պարապում ա, կարգ կա պատշաճ ձևով ծանուցման, բարի լինեիք՝ այդ կարգն իրականացնել»,- ասաց Մասիս Բաբալյանը:
Նա նշեց, որ ԿԳՄՍՆ-ից կարող էին հաղորդագրություններ ուղարկել դիմորդների էլեկտրոնային փոստերին: Ակցիայի կազմակերպիչները 1 ժամ ժամանակ տվեցին նախարարին, որպեսզի ընդունի իրենց: Հանդիպում տեղի չունեցավ:
«ԿԳՄՍ նախարարն իրավունք ունի՞ արհամարհել այսքան դիմորդի, այսքան ծնողների: Դուք իրավունք չունեք այդ պաշտոնը կրելու»,- ասաց Մասիս Բաբալյանը:
Դիմորդները սկսեցին վանկարկել.
«Նախարար, հեռացի՛ր»:
Ինչից հետո Մասիս Բաբալյանը դիմորդներին առաջարկեց հետևել իրեն: Ոստիկանները սա դիտարկեցին՝ որպես հավաք, ինչը չի թույլատրվում արտակարգ դրության ընթացքում:
Հիշեցնենք՝ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդը կարող էր ունենալ միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: