Ինչո՞ւ է անհանգստացել Պուտինը

Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:

«Հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով, ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։

Նա նշել է, որ երեք պետությունները փոխգործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների միջոցով ՝ լարվածությունը նվազեցնելու համար:

Զախարովան նշել է նաև, որ Սերգեյ Լավրովն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով։ Բացի այդ, նույն օրը տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել հայկական և ադրբեջանական համայնքների ազդեցիկ ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևյան հրապարակ» կազմակերպության տնօրենների խորհրդի ղեկավար Գոդ Նիսանովի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության ու համաձայնության պահպանման հարցում երկու համայնքների դերը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրման թեման քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։

«Մեր հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ և, որ պակաս կարևոր չէ, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մեզ համար շատ զգայուն է»,- ասել է Պուտինը՝ ներկայացնելով Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկվելիք հարցերը։

Ինչպես ընդգծել է Պեսկովը, Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի ապահովման հրամայականը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրացումից հետո ստեղծված իրավիճակը:

«Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից»,- գրել է նա Ֆեյսբուքում:

Նշենք նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են հայտարարություն տարածել՝ կոչ անելով զերծ մնալ կրիտիկական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից։

168amի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ խնդիր է Ռուսաստանի համար և ավելի մեծ է, երբ այն սկսում է տարածվել նաև ՌԴ տարածքում։

Նրա կարծիքով՝ այս օրերին Ռուսաստանի կողմից նման մեծ ուշադրությունը տավուշյան սրացմանը պայմանավորված է դրա հետևանքներով, որոնք նկատվում են Ռուսաստանում կողմերի ներկայացուցիչների միջև միջադեպերով։ Դա, նրա որակմամբ, դառնում է սպառնալիք նաև Ռուսաստանի համար իր տարածքում։

«Բնականաբար, Ռուսաստանը, որպես համանախագահ երկիր և հակամարտող երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ ունեցող երկիր, ավելի ընդգծված գործունեություն է ծավալում, ինչը միշտ արել է։ Դա Ռուսաստանը չի թաքցրել, դա ամրագրված է նաև հայտարարություններում։ Այս դեպքում այն կլինի ավելին, քանի որ կան միջադեպեր նաև Ռուսաստանում, որի զարգացումը պետք է կանխել։ Գործիքներից մեկը կողմերի միջև առկա լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլերն են, նրանց մոտեցնելը բանակցային կամ շփման սեղանին։ Իմ համոզմամբ՝ դա բարդ խնդիր է, քանի որ կողմերը կոշտ դիրքորոշումներ են ստանձնել՝ դատելով հնչող հայտարարություններից։ Բնականաբար, այն ամենը, ինչ անում է Մոսկվան, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում է և դրանից դուրս, սակայն ոչ հակասող այդ հարթակի գործունեությանը։

Ըստ իս, ԵԱՀԿ ՄԽ-ն ևս ցանկանում է, որ ՌԴ-ն գործի դնի իր առանձնահատուկ կապերը։ ԵԱՀԿ ՄԽ-ից անջատ Ռուսաստանը հետաքրքրված չէ որևէ գործընթաց նախաձեռնել, դա են փաստում ՌԴ ԱԳ նախարարի բոլոր հայտարարությունները։ Ռուսական բոլոր ջանքերը համաձայնեցված են միջնորդ բոլոր երկրների հետ։ Ոչինչ չի խանգարում, որպեսզի այլ երկրներ ևս քայլեր ձեռնարկեն, և այն, ինչ փորձում է անել Ռուսաստանը, բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Նրա գնահատմամբ՝ սահմանին հարաբերական անդորրը փխրուն է, և այն ամրապնդելու համար հարկավոր է գործընթացը շուտափույթ կերպով քաղաքական հուն տեղափոխել։ «Ինչպես տեսնում ենք, դա հեշտ գործ չէ, թեև ջանքեր ներդրվում են, ռուսական կողմն անընդհատ կապի մեջ է կողմերի հետ տարբեր մակարդակներում, սակայն դեռ կոնկրետ որևէ պայմանավորվածություն չկա, բացի ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից։ Բայց կարծում եմ՝ առաջիկայում կհաջողվի շփման պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն վստահ չեմ, որ դա կվերացնի հակամարտության գոտում առկա սրացման սպառնալիքը»,- ասաց Եվսեևը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի միջամտությանը, ապա Եվսեևը նշեց, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։ «Սակայն չեմ կարծում, որ այդ հեռանկարով Թուրքիան ոգևորված է, ուստի կարծում եմ, որ բոլորը հետաքրքրված են, որ այս լարվածությունը վերջնական հանգի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս