«Մեր առաջխաղացումն անկասելի է». Պատմությունը՝ փաստերով. Սերժ Սարգսյան (արխիվ)

«Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 20 մարտի 1993թ․, №31 (16311)

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆԻ երկխոսությունը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆ. Իմ հիշողության մեջ տպավորվել է այս տարվա փետրվարի 5-ը: Արցախի ինքնապաշտպանության ուժերը, Մարտակերտի շրջանում  ձեռնամուխ լինելով լայնածավալ մարտական գործողությունների, վճռական բեկում են մտցրել ամբողջ ռամզաճակատում: Հայրենի հողն այսօր ուղղակի այրվում է ոսոխների ոտքերի տակ ու թոթափում բռնության և օտարության շղթաները: Այս քարտեզը դրա լավագույն վկայությունն է: Սև ստվերագծերը, որոնցով նշված են բռնազավթված տարածքները, աստիճանաբար ջնջվում-մաքրվում են հանրապետության քարտեզից: Այլ խոսքով` ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարում ազատարարի իրենց առաքելությունը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. Գովեստներ պետք չէ շռայլել: Պատերազմի հաղթական ավարտից հետո միայն կարող ենք ասել՝ ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարել իրենց սուրբ պարտքը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Այսօր, իմ խորին համոզմամբ, մեր մարտիկների բացարձակ մեծամասնությունը, իրոք, հիանալի է կռվում անարգ թշնամու դեմ: Հունվարին, երբ մեզ հաջողվեց դիմակայել ադրբեջանական բանակի նոր լայնամասշտաբ հարձակմանը և նրան պատճառել կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, համոզվեցինք, որ ժամանակն է շարժվելու առաջ և ջախջախիչ հարվածներ հասցնելու զավթիչներին: Փետրվարի 5-ը, իսկապես,  հիշարժան օր է:

Մարտակերտի շրջանում սկսած ռազմական օպերացիան, ինչպես Դուք ընդգծեցիք, վճռական բեկում է մտցրել ամբողջ ռազմաճակատում: Առաջին իսկ մեծ հաջողությունը հաղթանակի նկատմամբ ամուր հավատ է ներշնչել մեր մարտիկներին, նրանց մղել մահու և կենաց պայքարի` հանուն հայրենիքի ազատության: Արդեն ազատագրվել են շրջանի 27 մեծ ու փոքր գյուղեր, այդ թվում Հաթերքի ամբողջ ենթաշրջանը, Սարսանգի հիդրոհանգույցի ջրամբարտակի գոտին: Վերահսկողության տակ են վերցվել Քելբաջար-Մարտակերտ գլխավոր ավտոմայրուղին և առայժմ բռնազավթված որոշ գյուղերի մի շարք կարևոր բարձունքներ: Ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացումն անկասելի է, և մեր նպատակն է` ազատագրել ոչ թե առանձին բնակավայրեր, այլ ամբողջ հողը:

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆ. Շրջագայելով ազատագրված գյուղերով ու պաշտպանական դիրքերով, գրեթե ամենուր հանդիպում ես արդբեջանական զինյալների դիակների, հրկիզված կամ վնասված թնդանոթների, հրասայլերի… Առգրավված ռազմական տեխնիկայով էլ, ըստ երևույթին, կարելի է հանդերձավորել Արցախի ինքնապաշտպանության ուժերի ոչ մեկ նոր զորագունդ: Ադրբեջանի ազգային բանակը, իրոք, մեր զինանոցի համալրման գլխավոր աղբյուրներից մեկն է: Դեռևս անցյալ տարվա վերջին դա հաստատել է անգամ նախագահ Էլչիբեյը, հայտարարելով, թե ինքը չի կարող միաժամանակ երկու բանակ պահել:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ․ Ես տրամադրված չեմ հեգնանքնով արտահայտվելու ադրբեջանական բանակի մասին, ընդհակառակը, հակված եմ մեր դեմ տեսնելու միանգամայն լուրջ հակառակորդի: Բայց այն, որ թշնամին կրում է կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ, խոսում է ինքնապաշտպանության ուժերի օգտին: Փաստերն ավելի քան համոզիչ են: Այս տարվա հունվարին ռազմաճակատի տարբեր գծերում ոչնչացվել են շուրջ 750 ադրբեջանական հետևակայիններ, 17 զրահատեխնիկա, երեք ռազմական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ: Հետագայում, մանավանդ փետրվարի 5-ից սկսած, հակառակորդը կորցրել է ևս 25 միավոր հրասայլ և ռազմական այլ տեխնիկա: Դրանց որոշ մասն այսօր գտնվում է ռազմադաշտում և խփում է յուրաիններին: Որպես ռազմավար, վերցրել ենք նաև որոշակի քանակությամբ զինամթերք` հիմնականում հրետանային արկեր և փամփուշտ, մեծ թվով ավտոմեքենաներ: Մարդկային կորուստներն, ամենահամեստ հաշվումներով, կազմում են ավելի քան 600 ադրբեջանական զինվոր ու սպա: Միայն մարտի 18-ին Զանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերի ազատագրման համար մղված մարտերում հակառակորդը տվել է 21 սպանված: Այդպես է ռազմաճակատի ամբողջ գոտում, այդպես է թշնամու  թիկունքում: Բոլորովին վերջերս մեր հետախույզները թափանցել են ռազմակայանի վերածված Դիվանալար գյուղ (Ֆիզուլու շրջան), ադրբեջանական զինյալների քթի տակից թռցրել նրանց հրասայլը և շարժվելով առաջ, լիովին ոչնչացրել հակառակորդի զորանոցը և ամբողջ անձնակազմով վերադարձել իրենց դիրքերը:

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆ․ Կռվում, ինչպես ասում են, չամիչ չեն բաժանում: Բայց վերջին ժամանակներս, մանավանդ փետրվարի սկզբից սկսած, իմ կարծիքով, շատ են մեր կորուստները ռազմաճակատի Մարտակերտի հատվածում: Արդյոք դա գլխավորապես բացատրվում է հայրենի հողի ազատագրան նպատակով ձեռնարկվող հարձակողական գործողություններով:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ․  Ոչ, իհարկե: Հիշյալ շրջանում կորուստներն, իրոք, համեմատաբար շատ են, բայց դրանց միայն 25 տոկոսն ենք տվել անմիջապես մարտերում: Առավել վտանգավոր է դարձել, եթե կարելի է այդպես ասել, ոչ մարտական իրավիճակը: Ինչպես գիտեք, ներկայումս ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը Մարտակերտի շրջանն է, իսկ այստեղ, ուր ահեղ մարտերը շարունակվում են անցյալ տարվա հունիսի 12-ից, հաճախ միևնյուն տարածքը քանիցս անցել է ձեռքից-ձեռք և, բնական է, որ պատերազմող կողմերը տվյալ գոտում ստեղծել են իրենց ականապատ դաշտերը: Մենք ականազերծում ենք այդ տարածքները, որտեղ հնարավոր է` օգտագործում շրջանցող ճանապարհները, սակայն թեկուզև ժամանակի առումով գործնականում անհնարին է լիովին վերացնել մահացու վտանգը:

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆ. Մեր ժողովրդին պարտադրված դաժան պատերազմը, այո, մարդկային կյանքեր է խլում: Առանձին դեպքերում մենք անհաղորդ ենք մնում նույնիսկ մեր քաջարի ազատամարտիկների աճյուններին: Կորուստն, իհարկե, ողբալով չես վերադարձնի: Դա առանձնահատուկ չէ միշտ տոկուն և արիակամ արցախահայությանը: Բայց կան նաև շղթայված, ավելի ճիշտ` ոչ կորուսյալ ճակատագրեր: Այդպիսի մարդկանց ծնողների հոգում անմար է հույսը` կրկին տեսնելու դժոխքում հայտնված իրենց որդիներին: Խոսքս, ինչպես հասկացաք, գերված ազատամարտիկների մասին է: Պարոն Սարգսյան, այս հարցը ձեզ ուղղում եմ նրանց ծնողների անունից. կոնկրետ զինվորական ղեկավարությունը ինչ քայլեր է ձեռնարկում պատանդներին ազատելու համար:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. Այդպիսի մարտիկները շատ քիչ են: Ցավոք, մենք հստակ տեղեկություն չունենք նրանց ճակատագրի մասին: Վերջերս գտնվել են հինգ ազատամարտիկների դիակներ, որոնց մենք համարում էինք կենդանի, բայց` հակառակորդի ճամբարում: Եթե հավատալու լինենք ադրբեջանցիրներին, նրանք պատրաստ են լայն հասարակայնությանը ներկայացնել հայ գերիներին: Մինչդեռ` հակամարտ կողմի առաջարկությունը` փոխանակել որևէ հայ զինվորի կամ քաղաքացու, միշտ էլ արժանացել է մեր հավանությանը: Մենք ունենք բավականաչափ ադրբեջանցի գերիներ: Գործելով ՆԳ հանրապետական նախարարության հետ համատեղ, անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում կազմակերպելու գերիների փոխանակությունը:

ՎԻԼԵՆ ԲԱԽՇԻՅԱՆ. Պարոն Սարգսյան, Դուք, որպես հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ, ինչպես եք գնահատում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի Հռոմի նիստին ԼՂՀ պատվիրակության գործունեության արդյունքները:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ․ Չգիտեմ` ով ինչպես, բայց ես առանձին սխալ չեմ տեսնում պատվիրակության գործունեության մեջ: ԵԱՀԽ-ի դիտորդների առաջավոր խմբի համար մանդատային կանոնակարգի մասին փաստաթուղթը դեռևս վերջնական չէ և հակամարտ կողմերի առջև որևէ պարտավորություն չի դնում: Շատ հարցեր` և ռազմատեխնիկական, և կատարողական, մշուշոտ են: Անձամբ ինձ համար պարզ է մի բան. ղարաբաղյան հիմնահարցը վճռվում է ոչ թե Հռոմում, Բաքվում կամ մեկ ուրիշ տեղ` այլ ռազմադաշտում: Մենք, իհարկե, դեմ չենք հադիպումներին ու բանակցություններին, եղել և մնում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ: Մեր վզին փաթաթված պատերազմը, սակայն, մեզ ստիպել է զենք վերցնել և պաշտպանել հողն հայրենի: Պետք է գիտակցենք, որ մեզ կհարգեն ու մեզ հետ` ինչպես հավասարը հավասարի, հաշվի կնստեն այն ժամանակ, երբ լիովին ազատագրենք մեր տարածքները և հուսալիորեն պաշտպանենք սահմանները:

Տեսանյութեր

Լրահոս