Բաժիններ՝

«Առաջինը պետք է Չինարիում վնասված տունը վերականգնենք, այնտեղ ապրում է  10 հոգանոց ընտանիք, որից 5-ը երեխա են». Արմեն Ղուլարյան

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր Կառավարության նիստում որոշ մանրամասներ փոխանցեց  վարչապետի հանձնարարականով Տավուշի մարզ այցելության և կատարած աշխատանքի մասին, մասնավորապես, որ մարզում  հանդիպումներ  է ունեցել մարզպետի, Բերդի տարածաշրջանի ղեկավարի հետ,  այցելել են այն սահմանապահ գյուղերը, որոնք իրականում առավել մեծ վնասներ են կրել։

«Այդ գյուղերն են՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի։ Մենք աշխատանքները կազմակերպեցինք այնպես, որպեսզի խնդիրները բաժանեինք երեք մասերի՝ կարճաճամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են,  արդեն 7 տան վերականգնման աշխատանքներն ընթանում են, 10 տան ուղղությամբ էլ մաքրման աշխատանքներ են կատարվում»,- նշեց Արմեն Ղուլարյանը։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծեց, որ յուրաքանչյուր գյուղում եղել է մեկական առավել վնասված տուն, և մոտեցումները միանշանակ չեն։

«Կարծում եմ՝ առաջինը պետք է Չինարիում վնասված տունը վերականգնենք, այնտեղ ապրում է  բազմազավակ ընտանիք, այն բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը երեխա են։

Նաև սեփականատերն առաջարկում է իր հողամասում, որը բավականին մեծ է, տան շինարարությունն իրականացնել ավելի հուսալի հատվածում, մենք գտնում ենք, որ դա նպատակարմար է, սակայն պետք է մաքրվի այդ բոլոր կիսավեր շինությունները»,- հավելեց նա։

Արմեն Ղուլարյանը նաև տեղեկացրեց, որ նշված երեք գյուղերում ուսումնասիրել են առավել անվտանգ տարածքները, հողատարածքները և համայնքների ղեկավարներին արդեն առաջարկել են նախաձեռնել և սկսել հողհատկացման աշխատանքները։ Նրա խոսքով՝ այդ հատվածներում պետք է հատակագծեն ու նախագծեն   նոր ճարտարապետական ոճով թաղամասեր և այդ թաղամասերում հատկացնեն տուն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

«Կարծում եմ՝ օգոստոսի 10-ից սկսած մենք լիարժեք կարող ենք սկսել այդ մեկ տան աշխատանքները, մյուս տների մասով, եթե, պարոն վարչապետ, թույլ տաք, մենք կարող ենք ֆինանսական աջակցության կամ բնակարանների խնդրով առաջնորդվել»,- եզրափակեց Ա. Ղուլարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս