Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն
Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն բոլոր տարիներին տնտեսությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար միշտ էլ առանձնահատուկ ու կարևոր փաստաթուղթ է: Նաև այն պատճառով, որ բյուջեն (ավելի ճիշտ՝ բյուջեի մասին ՀՀ օրենքը) ինչ-որ իմաստով «դժբախտ» փաստաթուղթ է: Վերջին տասնամյակների համարյա բոլոր կառավարությունների ու ԱԺ համարյա բոլոր գումարումների համար:
Որպես փաստարկ կարելի է հիշեցնել 2019թ․ բյուջեի կատարողականի քննարկումը: Կատարողականը կառավարությունը ներկայացնում է տարվա ավարտից չորս ամիս հետո: Իսկ բոլոր գումարումների համար մայիսին անցած տարվա կատարողականի քննարկումը նույնքան հետաքրքիր է, որքան անցած ձմեռվա ձյունը: Ասենք, որ բյուջեի մասին օրենքի նկատմամբ նման անառարկայական վերաբերմունքի պատճառը նաև կառավարության վերաբերմունքի արդյունք է: Երբ (սովորաբար դա տեղի է ունենում երկրորդ եռամսյակի ընթացքում) կառավարությունը «նկատում է», որ բյուջեի կատարումը ձախողում է՝ հընթացս փոխում է այն:
Հիմա արդեն կա 2020թ․ առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը: Հասկանալի է, որ թվերը մխիթարական չեն: Հին պլանի համեմատ մուտքերը թերակատարվել են 11.6 տոկոսով: Մամուլում արդեն հրապարակվել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մուտքերը պակաս են մոտ 32 տոկոսով: Ու այսպես շարունակ:
Իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկը հնարավորություն է տալիս տեսնել տնտեսության մեջ ընթացող պրոցեսները, որոնք կարող են մասնագիտական վերլուծությունների առիթ դառնալ: Օրինակ այն, որ անցած տարվա առաջին կիսամյակի ցանկում ամենաշատ հարկեր մուծած բանկը 11-րդ տեղում էր: Այս տարի՝ 19-րդ: Բանկը նույնն է՝ «Ամերիան», բայց անցած տարվա 5.137 մլրդ դրամի փոխարեն այս տարի մուծել է 3.3 մլրդ դրամ: Ասել է թե՝ բանկերի եկամուտները երկրում պակասում են:
Կամ, ասենք, կարելի է դիտարկել էներգետիկայի ոլորտի գիգանտների հարկերը: Մեր ատոմակայանի ֆինանսավորման հետ այս տարի որոշակի խնդիրներ եղան: Մասնագետների համար այդ խնդիրները ավելի առարկայական քննարկման թեմա կդառնան, եթե նկատեն, որ ՀԱԷԿ-ն անցած տարվա առաջին կիսամյակում 6-րդ հարկատուն էր մոտ 7.8 մլրդ դրամ մուծումով: Իսկ այս տարի 12-րդն է՝ մոտ 4.6 մլրդ դրամ:
Հայաստանի էլեկտրացանցերն էլ են պակաս հարկեր մուծել՝ անցած տարվա մոտ 7.8 մլրդ-ի փոխարեն մոտ 6.9 մլրդ:
Շատերն են հիշում «Յուքոմ» ընկերության հետ կապված պատմությունները: Արդյունքում անցած տարվա մոտ 4.8 մլրդ մուծած 14-րդ հարկատուն այս տարի 3.9 մլրդ է մուծել:
Այս ցանկից նկատելի է, որ ամեն ինչ համավարակով բացատրել «չի ստացվի»: Օրինակ այն, որ անցած տարվա խոշոր հարկատուների մեջ ավտոներկրող ընկերություններ կային: Շատ փորձագետներ էին փորձում կառավարությանը զգուշացնել, որ դրանց աճ-մուծումները «թունավոր» են: Բայց մեր իշխանությունների համար կարևորը տվյալ պահին հրապարակելու «արժանի» թիվ ունենալն է: 2019-ի առաջին կիսամյակի 20-րդ հարկատուն «Ավտոներկրող-10» անունով կազմակերպությունն էր (մոտ 3.5 մլրդ դրամ մուծումով): Այս տարի նման անունով խոշոր հարկատու փնտրելն անիմաստ զբաղմունք է:
Խոշոր հարկատուների ցանկում առաջին աչքի զարնող փաստն այն է, որ խոշոր հարկատուների առաջին եռյակում նույն ընկերություններն են՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պարզապես իրենց տեղերն են փոխել: Առաջին եռյակը 7 մլրդ-ից պակաս հարկեր է մուծել:
Ցանկը հարկավ դեռ երկար կհամեմատվի-վերլուծվի: Վերջում մեկ փաստ ևս: Խոշոր հարկատուների մեջ ամենակայուն ցուցանիշն ունեն մեր խոշոր բուհերը: Նրանց մուծումները համարյա չեն պակասել: Օրինակ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» մոտ 1.2 մլրդ դրամ հարկեր է մուծել (2019-ի 1.377 մլդ-ի դիմաց): Կամ՝ Երևանի պետական համալսարանը՝ 1.146 մլրդ դրամ (2019-ի 1.356-ի դիմաց):
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org