Կառավարությունը 2 միլիոն 700.000 եվրո վարկ ստանալու համար կդիմի Սահմանադրական դատարան
Կառավարությունը վավերացրել է հերթական վարկային համաձայնագիրն ու դրա սահմանադրականության հարցը որոշելու նպատակով այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելուն։
Այս համաձայնագրով՝ «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար հատկացվելու է մինչև 2 մլն 700․000 եվրո ֆինանսական օժանդակություն։
Եվ որպեսզի Հայաստանը կարողանա ստանալ այս համաձայնագրով նախատեսված ֆինանսական օժանդակությունը, անհրաժեշտ է այս համաձայնագրի վերաբերյալ ստանալ Սահմանադրական դատարանի որոշումը։
Սահմանադրական դատարանը պետք է ներկայացնի միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում, որից հետո նոր կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:
Նկատենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, որովհետև քվորում չլինելու պատճառով տապալվում են աշխատակարգային նիստերը, և փաստորեն հայտնի չէ, թե ՍԴ-ն այս համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ երբ կկարողանա ընդունել որոշում։