«7.5-ով ընդունվածը բժիշկ դառնա, վաղը-մյուս օրը նա մեզ պետք է բուժի՞ էդ ձևով». Չընդունված դիմորդի ծնող
«Ասում են՝ իրազեկվել են երեխեքը, որ առաջին հայտով չդիմելու դեպքում չեն անցնում, այնինչ ոչ մի երեխա էլ, ինչքանով մենք ենք ուսումնասիրել, տեղյակ չի եղել»,- ԱԺ-ի դիմաց համալսարանի ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնող Մարիամ Եղյանը:
Տիկնոջ դուստրը 13.5 միավոր է հավաքել, սակայն հայտով նշված 8 տեղերից ոչ մեկը չի ընդունվել:
«7.5-ովը դառնա ուսանող, 13, 14, 15, 18-ը մնա դրսո՞ւմ: Երկրին պե՞տք չէ խելացի, բանիմաց, գրագետ սերունդ՝ ապագան կառուցելու համար: Շատ հարցեր կան, որոնց պետք է գրագետ լուծում տրվի»,- ասաց Եղյանը:
Նրա խոսքով՝ բարձր բալեր հավաքած ուսանողները հաստատ այլ ֆակուլտետներում էլ ավելի լավ կսովորեն, քան նրանք, ովքեր հավաքել են 7.5 միավոր:
Մարիամ Եղյանը պնդում է՝ իրենք չեն պահանջում, որ իրենց երեխաները սովորեն ցածր միավորներ հավաքածների փոխարեն, բայց թող իրենց երեխաներն էլ դուրս չմնան: Առաջարկում են՝ կա՛մ տեղեր ավելացնել, կա՛մ դիմորդներին տեղավորել գոնե հեռակա ուսուցման համակարգում:
«Մեզ պետք է գրագետ սերունդ, մեզ պետք է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7.5-երինը: 7.5-ով ընդունվածը բժիշկ դառնա, վաղը-մյուս օրը նա մեզ պետք է բուժի՞ էդ ձևով: Կարելի՞ է 18.5-ին էլ տեղ տալ»,- ասաց Մարիամ Եղյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում