Բաժիններ՝

Պարետատունը դիմակի կրման կանոններում որևէ փոփոխություն չի արել. չնայած բարձր ջերմաստիճանին՝ բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է․ Հունանյան

Covid-19 համավարակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց: Եթե սկզբում պարետատունը դիմակներ կրել չէր պարտադրում, ապա որոշ ժամանակ անց ոչ միայն՝ պարտադրեց, այլև՝ այն խախտողների համար տուգանքներ սահմանեց:

Բժշկական ոլորտի շատ մասնագետներ դեռ ամիսներ առաջ ահազանգում էին, որ բացօթյա տարածքում դիմակ կրելն անթույլատրելի է, և, որ այն շնչառական քաղց է առաջացնում:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է բաց տարածքներում և իր մեքենայի մեջ դիմակ կրելուց, դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց:

Նա նաև նշել էր, որ հրաժարվում է փորձադաշտ լինել անգրագետ և դիլետանտ իշխանությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների համար, և, որ սա իր անձնական որոշումն է, և պատրաստ է կրել անձնական պատասխանատվություն այս որոշման համար։

168.am-ը կապ հաստատեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ և հետաքրքրվեց՝ արդյոք հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, պարետատունը քննարկե՞լ է բացօթյա տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը հանելու հարցը:

«Այս պահի դրությամբ դիմակի կրման կանոններում որևէ փոփոխություն չունենք, այն, ինչ գործում է, շարունակում է գործել»,- ասաց Հունանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը՝ եթե մարդիկ զանգվածաբար սկսեն բացօթյա տարածքներում դիմակներ չկրել, ի՞նչ է անելու պարետատունը դա կանխելու համար, Հունանյանն ասաց. «Որոշումով սահմանված է դիմակների կրման կանոնները, և կանոնների խախտման դեպքում՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով  սահմանված է, թե ինչ է նախատեսվում, երբ խախտվում է այդ կանոնը»:

Հարցին, թե բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ այս ընթացքում քննարկումներ լինում են, այդ թվում՝ նաև արտերկրացի բժիշկների հետ, մասնավորապես այս շոգ եղանակին դիմակներ կրելու հետ կապված՝ արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա, քանի որ շատ մասնագետներ ահազանգում են այդ խնդրի մասին, Հունանյանը պատասխանեց.

«Բոլոր հարցերի շուրջ մշտական քննարկումներ լինում են, գիտեք, որ պարետատան մաս է կազմում նաև Առողջապահության նախարարությունը, որտեղ բոլոր անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներառված է, և եթե քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում ինչ–որ մի բան փոխվի, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»:

Դիտարկմանը, որ նույն Առողջապահության նախարարությունը սկզբում այլ բան էր ասում, թեկուզ հենց դիմակներ կրել-չկրելու վերաբերյալ՝ կտորից դիմակ, բժշկական դիմակ, այնուհետև հայտարարեցին, որ սխալվել են, հնարավո՞ր է՝ մի օր էլ հայտարարեն, որ սխալվել են, երբ թույլ չեն տվել բացօթյա տարածքներում առանց դիմակ լինեն, Հունանյանը պատասխանեց.

«Ամեն ինչ պետք է նայել միջազգային մակարդակով, սրա մասին բազմիցս է խոսվել, որ կորոնավիրուսի հետ կապված, ի սկզբանե, որևէ պետություն չուներ համապարփակ գիտելիք, և շարունակական հետազոտություններ էին իրականացվում։ Ի վերջո, բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ դիմակները կանխարգելում են կորոնավիրուսի տարածումը: Սա շարունակական աշխատանք է, մենք ամեն օր նոր գիտելիք ենք ձեռք բերում՝ կառուցելով արդեն նախկինի հիման վրա, ապագայում ինչ կփոխվի կամ չի փոխվի, ես չեմ կարող կանխատեսել: Համենայնդեպս, այս պահի դրությամբ համաշխարհային մակարդակում գիտական և մասնագիտական շրջանակների կոնսենսուսն այն է, որ դիմակներն օգնում են»:

Հարցին, որ նույն միջազգային փորձն ուսումնասիրելիս հաշվի առնվե՞լ է տվյալ  երկրների կլիման, և այլն, քանի որ Հայաստանում օդի ջերմաստիճանը +40-ի է հասնում, Հունանյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ գործում են այս կանոնները, եթե ինչ–որ բան փոխվի՝ կտեղեկացնենք»:

168.am-ը կապ հաստատեց ՀՀ նախկին գլխավոր ախտաբան, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանի հետ, հետաքրքրվեց, թե օրվա ընթացքում մի քանի ժամ դիմակ կրելն արդյոք վտանգավոր չէ՞ առողջության համար:

«Ես դրա մասին խոսել էի, և դրանից հետո պարետը որոշում կայացրեց, որ սիրտ-անոթային հիվանդները կարող են դիմակ չկրել, իհարկե, իրենց մոտ պետք է թուղթ պահեն, դրա հետ ես համաձայն չեմ։ Հիմա այդ մեծահասակները բան ու գործ չունեն, պետք է թղթերով ման գան: Դիմակ կրելն ամեն դեպքում ծանրաբեռնվածություն է թոքային համակարգի վրա, եթե առանց դիմակի շնչեք և դիմակով, դրա տարբերությունը կզգաք»,- ասաց Աղաբեկյանը:

Հարցին, եթե մարդն առողջ է, օրվա մեջ երկար ժամանակ դիմակ կրելով՝ արդյոք շնչառական խնդիրներ չե՞ն առաջանա, մասնագետը պատասխանեց. «Եթե մարդն առողջ է՝ ո՛չ, ժամանակավոր դժվարություն կարող է առաջանալ, բայց դա շատ շուտ կուղղվի: Ամեն դեպքում դիմակ կրելը ցանկալի է, չի կարելի պարտադրել, մարդն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է դիմակ կրել, թե՞ չի ուզում կրել: Իշխանությունը կորոնավիրուսի պայքար՝ որպես այդպիսին, չարեց, ինչ էլ արել է, շատ ուշ է արել և անիմաստ»:

Մասնագետն անդրադարձավ նաև դիմակների պարտադրանքին և դրանց անվճար տրամադրմանը. «Ոչ թե վարչապետը պետք է իր բան ու գործը թողած՝ ընկներ, դիմակ բաժաներ, այլ փողոցներում տուգանող ոստիկաններին պետք է դիմակներ տային, որ քաղաքացիներին ոչ թե ասեին, թե՝ ինչո՞ւ դիմակ չեք դնում, այլ պետք է ասեր՝ առ քեզ դիմակ ու հիմա կրի: Այս դիմակները բակտերիայի դեմ են, ոչ թե վիրուսի, դա էլ օգուտ չի տալիս, բայց ի վերջո այս դիմակները, եթե ես էլ եմ կրում, դուք էլ եք կրում, իրար հիվանդություն փոխանցելու տոկոսն ավելի քիչ է: Դիմակ կրելը ցանկալի միջոցառում է, բայց մարդն ինքը պետք է որոշի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս