Ինչի՞ց է խուսափում Ռուսաստանը Ղարաբաղում, և ո՞ր սցենարի դեպքում ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին․ մեկնաբանում է Լուկիանովը
«Ռուսաստանին քիչ թե շատ ձեռնտու է այն ստատուս-քվոն, որը պահպանվում է ԼՂ հակամարտության գոտում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացմանը։
Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը միջադեպի հետևանքով սրացում է, և հույս ունի, որ այն չի վերաճի լայնածավալ գործողությունների, քանի որ, չնայած միջազգային հանրության՝ հակամարտության վրա ազդելու լծակների և քաղաքական կամքի բացակայության, ջանքեր են ներդրվում առավելապես Ռուսաստանի կողմից, որպեսզի պատերազմ Հարավային Կովկասում չվերսկսվի։
Լուկիանովի կարծիքով՝ հրադադարի խախտումները, սրացումները և փորձերը՝ որևէ բան փոխել, ներկայումս անօգուտ են թվում, և դա պարզապես նոր կորուստների է հանգեցնում կողմերին՝ առանց լուրջ արդյունքի։
«Ինչպես երևում է, սրացումն արդեն թուլանում է, սակայն դրանից հետևություններ պետք է անեն միջնորդները և անուշադրության չմատնեն հակամարտությունը»,- ասաց նա։
Նրա որակմամբ՝ ռուսական միջնորդության խնդիրն է եղել, ինչպես 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին, հնարավորինս շուտ դադարեցնել վերսկսված պատերազմը։
«Նոր մոտեցում ռուսական քաղաքականությունն այս իրավիճակում չի ցուցաբերելու, քանի որ շահերը չեն փոխվել՝ Ռուսաստանին Հարավային Կովկասում պատերազմ ամենևին պետք չէ, դա հավելյալ գլխացավանք է Ռուսաստանի համար, որից Ռուսաստանը փորձում է խուսափել, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և առանձին ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով։ Միջնորդները հասկանում են, որ այս պահին Ղարաբաղյան հակամարտության լավ լուծում չկա, այսինքն՝ լուծում, որը ցանկանում են բոլոր երկրները, ուստի ՄԽ-ն խնդիր ունի հակամարտությունը պահել գոնե կառավարելի ստատուս-քվոյի վիճակում, որպեսզի պատերազմ չբռնկվի Հարավային Կովկասում»,- ասաց փորձագետը՝ շարունակելով, որ դա Ռուսաստանի գլոբալ շահն է տարածաշրջանում։
Սա, նրա խոսքով, շահ է, որն ավելի գերակա է, քան հարավկովկասյան երկրների հետ Ռուսաստանի առանձին հարաբերությունները։
Ֆյոդոր Լուկիանովը կանխատեսում է, որ շուտով իրավիճակը սահմանին կհարթվի։ Սակայն խոսեց նաև վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հետևյալ հարցից, թե արդյոք իրավիճակի է՛լ ավելի սրացման դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կմիանա՞ն «խաղին»։
Նրա խոսքով, դա տեսականորեն հնարավոր է պատերազմի դեպքում, թեև սա նման չէ նման սցենարի։
«Պետք է հասկանալ, թե ինչ են ցանկանում Թուրքիան և Ռուսաստանը։ Կարծում եմ՝ երկու երկրներից ոչ մեկն էլ չի ցանկանում միջամտել ԼՂ հակամարտության ռազմական սցենարին։ Օրինակ՝ Թուրքիան այսօր խորապես ներգրավված է իր բարդ ու հավակնոտ շահերով մերձավորարևելյան թնջուկում, որը, ինչպես մենք ենք տեսնում, նրա ուժերից վեր է։ Չեմ կարողանում պատկերացնել, թե Հարավային Կովկասում ևս ինչպես կարող է միջամտել՝ որդեգրելով Ռուսաստանից տարբերվող դիրքորոշում և առճակատման նոր օջախ բացելով Ռուսաստանի հետ։ Ռուս-թուրքական հարաբերություններում, վերջերս կրկին նշել եմ, հետաքրքիր ֆենոմեն է նկատվում, երբ կա փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի, ինտենսիվ ու կառուցողական գործընթացի բացակայություն, սակայն ռացիոնալ հաշվարկ երկու երկրների միջև, որ առանց այդ հարաբերությունների նրանք չեն կարողանալու հարցեր լուծել, օրինակ, հենց Սիրիայում։ Այսինքն՝ Սիրիայում նրանք ունեն տարբեր նպատակներ, բայց միմյանցից զատ գործել չեն կարող, միայն համագործակցելով կարող են հաջողության հասցնել իրենց ռազմավարությունը։ Եվ սա դառնում է սովորական մի բան շատ երկրների համագործակցությունների պարագայում, ինչը հետաքրքիր ու արտասովոր նախադեպ է»,- ասաց Լուկիանովը։
Նա բնական է համարում Թուրքիայի բարձրագույն իշխանության ինտենսիվ աջակցությունն Ադրբեջանին։
«Մոսկվայում ևս հասկանում են, որ Թուրքիան հռետորական մակարդակում շարունակելու է Բաքվին աջակցել, դա բնական է, Թուրքիան Ադրբեջանին պետք է ցույց տա, որ իր համար միևնույն չէ այն, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ, բայց չկան լուրջ հիմքեր նրա համար, որ Թուրքիան միջամտի, սա նրա գործը չէ, և դրանում որևէ շահ Թուրքիան չունի, դա բացառապես ադրբեջանական շահ է, որին Թուրքիան աջակցում է միայն հայտարարություններով։ Ինչպես ասացի, Ռուսաստանը չի ցանկանում միջամտել ռազմական առումով, դա կանի միայն չափազանց լուրջ սցենարի դեպքում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի, քանի որ Ռուսաստանը չի կարող անտեսել իր դաշնակցային պարտավորությունները, քանի որ չանելով դա՝ իր հեղինակությունը մեծ հարվածի տակ կդնի։ Նման սցենարի դեպքում մի փոքր միջամտությունը Ռուսաստանի կողմից բավարար կլինի, որպեսզի գործողությունները դադարեն։ Ռուսաստանը դա ամեն կերպ թույլ չի տալու, որի հետ, կարծում եմ՝ համաձայն է նաև Թուրքիան, և այս հարցում կրկին գուցե արտասովոր թվա, բայց կա շահերի համընկնում պատերազմի չվերսկսման հարցում»,- ասաց Լուկիանովը։
Դիտարկմանը, որ Հայաստանում շատ է քննարկվում՝ ինչո՞ւ Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, ակնհայտորեն չի աջակցում Հայաստանին, ինչպես դա անում է Թուրքիան Ադրբեջանին, Լուկիանովն ասաց, որ այս դեպքում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքերը հավասարազոր չեն։
Ըստ նրա՝ Ռուսաստանը կապեր ունի նաև Ադրբեջանի հետ, Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր է, ՀԱՊԿ անդամ երկիր է, իսկ Թուրքիան ունի փակ սահմաններ Հայաստանի հետ, և դիվանագիտական հարաբերություններ չկան Հայաստանի հետ, ինչը նրան ավտոմատ կերպով մղում է մյուս դաշտ, որտեղ նա սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և այս մոդելը բնականորեն է ձևավորվել։
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կատարելու է իր դաշնակցային պարտավորությունները, ինչպես ասացի, դա իր հեղինակության հարցն է, բայց կարծում եմ՝ նման սցենարից խուսափում են դիվանագիտական լծակներով»,- ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով, մոտ ապագայում կվերականգնվի կողմերի միջև երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
«Սակայն, կարծում եմ, նոր նախարարի ներկայությունը, տեղի ունեցած սրումն ինչ-որ բաներ կփոխեն այս գործընթացում, գուցե սրեն կողմերի մոտեցումները, պայմանները և այլն, կտեսնենք ավելի ուշ»,- ասաց նա։