
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում այս պահին կորոնավիրուսով միայն մեկ վարակակիր կա

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակակիրներին հուլիսի 14-ին կրկնակի թեստավորել են. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ տուն-ինտերնատում 82 վարակակիր կար՝ 48 աշխատակից և 34 տարեց:
«Այս պահի դրությամբ միայն մեկ տարեցի մոտ է կորոնավիրուսի թեստը դրական, մնացածի մոտ կրկնակի թեստավորումը բացասական է եղել: Ախտանիշներ չունի տարեցը, դրա համար ասել էին, որ 2-3 օրից նորից կթեստավորեն, ամենայն հավանականությամբ, պատասխանը բացասական կլինի: Եթե չեմ սխալվում՝ այսօր երեկոյան պետք է թեստավորեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Տուն-ինտերնատի աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի: ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ նախարարության հսկողության տակ գտնվող այլ մանկատներում, տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չկան: