Համագյուղացիների ծեծկռտուքը հանգուցալուծվել էր կրակոցով
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արևիկ գյուղում բնակվող 36-ամյա երկու տղամարդ գյուղում վիճել էին, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ընթացքում կրակոց էլ էր հնչել։
Արևիկում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ կողմերից մեկը մեքենայից հանել է իր որսորդական հրացանն ու կրակել մյուսի մեքենայի ուղղությամբ։
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացի տղամարդիկ ներկայացան ոստիկանության Արմավիրի բաժին։ Վնասված մեքենան էլ տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Հայտնաբերվել է նաև հրացանը, որն օրինական է։ Նշանակվել է դատաբժշկական, դատաապրանքագիտական ու դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։