«Էժանագին հայտարարության հեղինակները, ավելի լավ է՝ թող նստեն հաշվեն, թե Ամուլսարում իրենց  ապօրինության հետևանքով երկու տարվա ընթացքում քանի հարյուր միլիոն դոլար է կորցրել ՀՀ տնտեսությունը»

Երեկ երեկոյան Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր, ոստիկանական ուժեր էին կուտակվել: Հավաքվածները բողոքում էին, որ Ամուլսարի տարածք Կամազ մակնիշի մեքենա է մուտք գործել, ինչից հետո սկսվել էր լարվածությունը: Պարզաբանում ստանալու նպատակով՝ մենք զրուցել ենք «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ:

– Ի՞նչ էր տեղի ունեցել, ի՞նչ մեքենայի մասին է խոսքը, և ի՞նչ նպատակով էր այն մուտք գործել Ամուլսարի տարածք:

– Նախ արձանագրենք, որ «Լիդիան Արմենիան» տիրապետում է Ամուլսարի ծրագրի նկատմամբ բոլոր օրինական թույլտվություններին, Ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք կարող է մուտք գործել ցանկացած մեքենա և տեխնիկա, այդ թվում՝ նաև Կամազ մակնիշի: Դժվար է պատկերացնել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան կարող է նման աղմուկ բարձրացնել:

– Այսինքն՝ այնտեղ որևէ այլ գործողություն տեղի չէ՞ր ունեցել։ Միայն կեղտաջրե՞ր էին տեղափոխել։

– Այո՛, ամբողջ աղմուկը, կներեք, կոյուղաջրեր տեղափոխող մեքենայի շուրջ էր։  Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ երկու տարի շարունակ ապօրինություն իրականացնող անձինք պատրաստ են օգտագործել ամեն առիթ աղմուկ բարձրացնելու համար։ Ուզում եմ արձանագրել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան մուտք էր գործել Ամուլսարի տարածք ցերեկը, առանց խոչընդոտների կատարել էր մաքրման աշխատանքը և դուրս եկել: Իսկ ուշ երեկոյան, երբ այդ անձինք արդեն աղմուկ էին բարձրացրել՝ բողոքելով մեքենայի մուտք գործելու դեմ, մեքենան արդեն վաղուց տարածքում չէր: Ընդհանրապես նման բեմականացումներն այս մարզում ստեղծված ապօրինության ու անիշխանության հետևանք է։ Մի խումբ մարդիկ արդեն երկու տարի հանդես են գալիս համայնքի անունից, ու կիրառելի օրենքները շրջանցելով՝ «Լիդիանի»  օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում ինքնիրավչություն են իրականացնում՝ երեկ էլ աղմուկ բարձրացնելով ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք մուտք գործող կոյուղաջրերի մեքենայի շուրջ։

– Երեկ Ամուլսարի ծրագրի դեմ պայքարողների խումբը նաև հայտարարեց, որ պատրաստվում են մեկնել սահման, մասնակցելու սահմանների պաշտպանությանը, բայց Ամուլսարում իրավիճակի պատճառով չմեկնեցին։

– Նախ, որքան գիտեմ, կամավորականների մոբիլիզացիա չի հայտարարված, որի մասին ես՝ որպես պահեստազորի սպա, ևս կունենայի որոշակի տեղեկություն, բացի այդ, ցանկացած անձ չի կարող կամայականորեն մեկնել առաջնագիծ մարտական գործողություններին մասնակցելու: Երկրորդ՝ փաստորեն «Լիդիանի»   կոյուղաջրերի մեքենան, որքան հասկացա, միակ խոչընդոտն էր այս խմբի սահման մեկնելու համար։ Եվ երրորդ՝ նման էժանագին հայտարարության հեղինակները, ավելի լավ է՝ թող նստեն հաշվեն, թե Ամուլսարում իրենց իրականացրած ապօրինության հետևանքով երկու տարվա ընթացքում քանի հարյուր միլիոն դոլար է կորցրել Հայաստանի տնտեսությունը, և որքան իրական օգուտ կարող էին այդ կորսված միլիոնները բերել բանակին, առանց «Կամազի պատճառով սահման չմեկնած» այս խմբի մասնակցության։

Տեսանյութեր

Լրահոս