Ռազմական բախումների և դրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը․ «Ազգային օրակարգ»

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն է կրում այս ռազմական բախումների և նրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը։ Հայրենիքի համար այս դժվարին օրերին, մեր բոլորի պարտքն է համախմբվել հերոսական հայկական բանակի շուրջը, որն անցած օրերի ընթացքում, պատվով կատարել է իր մարտական պարտականությունները, արժանի հակահարված է տվել հակառակորդին, պաշտպանել է մեր պետությունը և բնակչությունը հակառակորդի ոտնձգություններից։ Այս օրերին, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ-պետություն-բանակ, և մեր միասնականությամբ վճռական հակահարված հասցնենք հակառակորդի բոլոր նկրտումներին։

Մենք նաև հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր բանակին և պետությանը, մեր Հայրենիքի դեմ սանձազերձած ագրեսիան ետ մղելու և հերթական փորձությունից հաղթանակած դուրս գալու համար, և կոչ ենք անում մեր անդամներին և աջակիցներին՝ յուրաքանչյուրին իրենց հասու և իրավիճակից բխող միջոցներով աջակցել Հայրենիքի պաշտպանության համընդհանուր գործին։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս