Ռեյդեր Ռուսաստանում. առգրավվում են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները
«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։
Հոդվածագիրը ենթադրում է, որ դա պայմանավորված է ոչ միայն սահմանին չվճարված պարտավորություններով, այլև նման ավտոմեքենաների անպատժելիությամբ՝ ճանապարհային տեսախցիկների օգտագործմամբ արձանագրված խախտումների դեպքում: «Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր Ներքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Դաշնային Մաքսային ծառայությանը մշակել խախտողների դեմ պայքարի մեթոդներ: Բայց, ըստ երևույթին, կարգադրությունը չի կատարվել, փոխարենը՝ որոշվել է արգելք մտցնել: Մեր երկրի օրենքներում հստակ բացատրություն չկա, թե արդյո՞ք օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Նրանց սեփականատերերը կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1-ի համաձայն»,- ասված է հոդվածում։ Սակայն հոդվածագիրը նաև նշում է, որ սա հակասում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 08/12/1994 N 938 որոշմանը (փոփոխված է 04/26/2020)՝ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին»։
Սա, ըստ հոդվածագրի, ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել ՌԴ տարածքում, իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա որևէ արգելք ՝ ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ տարածքում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտի օգտագործման վրա:
Այնուամենայնիվ, հրապարակման համաձայն, այս իրավիճակը պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագրում նշված է, որ Հայաստանում գրանցված ավտոմեքենան տնօրինելու իրավունք ունի միայն ՀՀ քաղաքացին կամ անձը, ով մշտապես բնակվում է Հայաստանի տարածքում, ու, ի դեպ, ՌԴ որևէ օրենքում պարզաբանված չէ «մշտական բնակություն» տերմինի իմաստը։
«Այժմ մեքենաները սկսել են բռնագրավել: Կուրգան քաղաքում արդեն առգրավված է չորս մեքենա: Փաստաթղթերը «Ղեկին»-ի խմբագրության տրամադրության տակ են: Ավտոմեքենաների առգրավման համար ռեյդեր են կազմակերպված Ուրալի և Խանտի-Մանսիյսկի դաշնային շրջանների ամբողջ տարածքում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում …»,- ասված է հոդվածում։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը