«Եթե վստահ են, որ ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ քրեական գործի հարուցումը մերժեցին». Աննա Մարգարյանը՝ կորոնավիրուսի հետ կապված քրեական գործի հարուցումը մերժելու՝ ՀՔԾ որոշման մասին

Հուլիսի 3-ին հրավիրած ասուլիսի ընթացքում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՔԾ:

Ըստ նրա՝ Կառավարությունն իր որոշման մեջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարտի 11-ին հայտարարված պանդեմիայի օրը փոխել և գրել էր՝ մարտի 13, ինչը, նրա խոսքով՝ համարվում է պաշտոնական կեղծիք։

«Վերցնենք այն տվյալները, որ դեռևս փետրվարի կեսերից Առողջապահության նախարարության կայքում պտտվում էր սոցիալական գովազդ, որով մեզ բոլորիս խնդրում էին պահպանել սոցիալական հեռավորություն։ Նույն օրը, երբ չեղարկվեց մարտի 1-ի երթը,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հիմնական դեմքը, մետրոներում բաժանում էին քաղաքացու անձնագիր։ Նույն օրը երեկոյան նա գնաց Ծաղկաձոր, այնուհետև մարտի 3-ից սկսեցին զանգվածային միջոցառումներ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ինչ տեղի ունեցավ արդյունքում՝ մարտի 15-ին  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 12-ին Սյունիքի մարզում շփվել է հաստատված վարակակրի հետ, որի հիմքով թեստ է հանձնում և մեկուսանում է։ Այսինքն՝ բավարար տվյալներ կան՝ պնդելու և հաստատապես ասելու, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով և խմբային շահերից ելնելով՝ ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուս»,- ասել էր Արթուր Ղազինյանը:

Վերջինս նաև տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման համատեքստում ներկայացրած հանցագործության վերաբերյալ հաղորդումը Հատուկ քննչական  ծառայությունը մերժել է։

Անդրադառնալով քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ի մերժմանը՝ Արթուր Ղազինյանն ասել էր, որ երկու սենսացիոն բացահայտում է անելու։
«Մեր ներկայացրած հաղորդումը մերժելու հետ կապված՝ քննիչը, մի քանի հիմքեր ներկայացնելու հետ մեկտեղ,  նաև ասել է, որ իմ կողմից կորոնավիրուսի հետ կապված դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ ՀՀ-ում արձանագրված առաջին հաստատված դեպքից անցել է 5 ամիս։ Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը տեղի է ունեցել 5 ամիս առաջ՝ հունվարի վերջին և փետրվարի սկզբին»,- ասել էր Արթուր Ղազինյանը։

Նա հանրության ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենն ասել էր, որ կորոնավիրուսը բուժում են փետրվար ամսից։

«Մեկ բան կարող եմ ասել, որ և՛ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն մեր քաղաքացիների հետ բացառապես եղել են ազնիվ, ի տարբերություն վարչապետի և Արսեն Թորոսյանի։ Արդեն հաստատված տրամադրել են, որ հունվար-փետրվարին արդեն մեր երկրում եղել է հաստատված վարակակիր, ինչը Նիկոլ Փաշինյանն ապարդյուն փորձեց հերքել։  Հնարավոր է՝ ՀՔԾ-ն հայտարարի, որ 5 ամիսների վերաբերյալ իր տեղեկատվությունը եղել է վրիպակ, հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ի քննիչը եղել է պրոֆեսիոնալ իրավաբան։ Կարող եմ հաստատապես պնդել, որ և՛ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը։ Թե ինչո՞ւ է այդ ամենը թաքցվել՝ բոլորս ենք հասկանում, այդ ամենն արվել է մեկ նպատակով, ինչը համապարփակ ներառված է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարության մեջ՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը դա խուճապն է»,- շեշտել էր Արթուր Ղազինյանը։

Քրեական գործը մերժելու մասին պարզաբանմամբ էր հանդես եկել նաև ՀՔԾ-ն:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության և գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք, հետևաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»,- մասնավորապես նշված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը գտել էր նաև, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Մարգարյանի հետ:

– Իրավաչա՞փ էր արդյոք ՀՔԾ-ի կողմից նշված հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը: Առհասարակ կա՞ այստեղ քրեաիրավական պատասխանատվության խնդիր:

– Իրականում ՀՀ Քրեական օրենսգրքում կա 278 հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու համար: Որքան ես եմ տեղյակ, հիմնական խնդիրը բարձրացվել է հենց այդ առումով: Մասնավորապես, բարձրացվում է այն հարցը, որ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող դեպքերի, իրադարձությունների կամ փաստերի, երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցվել կամ աղավաղվել: Ընդ որում, դա արվել է այն անձի կողմից, ով բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունի:

– Խոսքն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՞, թե՞ պարետ Տիգրան Ավինյանի մասին է:

– Պետք է նայել, թե տվյալ պարագայում ո՞վ է կոնկրետ պատասխանատու: Եթե ընդհանուր Սահմանադրության տրամաբանության մեջ դիտարկենք հարցը, գործադիր իշխանության պարագայում առողջապահության նախարարի գործառույթն է դա: Եթե ընդհանուր ենք քննարկում, այո, պարետն էլ կարող է լինել, պարզապես յուրաքանչյուրի պարագայում պետք է դիտարկվի ժամանակագրական ինտերվալը: Սրան մենք պետք է նայենք վերացական, որպես երևույթի, որովհետև եթե դիտարկում ենք կոնկրետ հանցակազմի առկայություն կամ բացակայություն, բնականաբար, պետք է լինեն հանցակազմի բոլոր տարրերը: Առաջին հերթին՝ պետք է պարզվի՝ արդյո՞ք ունենք մեղք, արդյո՞ք պատշաճ սուբյեկտի հետ ենք առնչվել, արդյո՞ք օբյեկտիվորեն այն հանցակազմը, որը նկարագրված է արարքի տեսանկյունից, առկա է, թե՞ ոչ: Իսկ այդ հարցերին հնարավոր կլիներ պատասխանել միայն այն դեպքում, երբ ամբողջական ու լրիվ ուսումնասիրություն իրականացվի:

– Նկատի ունեք, որ կորոնավիրուսի առաջին դեպքերն ավելի վաղ են հաստատվել Հայաստանում, բայց թաքցվե՞լ են, ու ավելի ո՞ւշ է ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ հայտարարվել այդ մասին:

– Դրանք կարող են տարաբնույթ լինել: Կարող է տարաբնույթ ինֆորմացիա լինել մասնավորապես հիվանդության վտանգավորության, նրա զարգացման հետ կապված: Եթե մենք Քովիդից էլ մի պահ վերացարկվենք, նման խնդիր ծագեց նաև Չեռնոբիլյան աղետի հետ կապված, երբ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվեց, ու այն վտանգ էր ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ նման պրակտիկա, նման հանցակազմեր ընդհանրապես կան տարբեր երկրներում, և կան նմանատիպ գործեր, որոնք քննվել են, որոնց վերաբերյալ արձագանք եղել է և ներպետական, և ՄԻԵԴ-ի մակարդակում: Խնդիրը հետևյալն է՝ առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա, իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի: Մեզնից ոչ մեկն այս պահին չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետև, կարծում եմ, ոչ մեկս լիարժեք տեղեկատվություն չենք կարող ներկայացնել:

– Ձեր նշած ուսումնասիրությունը կարող էր իրականացվել հարուցված քրեական գործի շրջանակներո՞ւմ:

– Արդյունավետ՝ այո, որովհետև եթե օբյեկտիվորեն վերցնենք, եթե դիտարկենք քննչական գործողությունների այն ծավալը, որը հնարավոր էր իրականացնել, առավել ճշգրիտ, թերևս, հնարավոր կլիներ անել հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է հաղորդման ու քրեական գործի հարուցումը ներժելու հիմքերին, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես կոնկրետ փաստաթուղթը չեմ տեսել: Հնարավորություն կա քրեական գործի մերժման որոշումը բողոքարկելու, և որքան գիտեմ՝ արդեն ներկայացվել է բողոքը: Ենթադրվում է, որ, եթե քրգործ չի հարուցվել, ուրեմն հանցակազմ չկա, պարզապես պետք է հասկանալ, թե ինչքանո՞վ է դա իրոք այդպես:

– ՀՔԾ-ն մերժման հիմքերի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  պաշտոնական դիրքորոշմանը: Արդյո՞ք դա բավարար հիմք է քրեական գործի հարուցումը մերժելու համար:

– Ամեն դեպքում մենք պետք է օբյեկտիվորեն նայենք հանցակազմի առկայությանը կամ բացակայությանը: Դա որոշելու համար պետք է հասկանանք, որ պաշտոնատար անձը չի կատարել իր պարտականությունը: Այսինքն՝ իր պարտականությունն է եղել՝ տեղեկատվություն տրամադրել վտանգ ներկայացնող երևույթի մասին, և նա այդ տեղեկատվությունը չի ներկայացրել: Այդ պահին արդյո՞ք ԱՀԿ-ի իրականացրած քայլերը ժամկետային և գործողությունների առումով մեզ մոտ նույնական կրկնվել են: Ընդամենը դա էր պետք ստուգել՝ ֆիքսել ժամկետներն ու գործողությունները: Եթե դրանք իդենտիկ են, ապա նշված պարագայում, եթե գործ ունենք մի կառույցի հետ, որը համաշխարհային քաղաքականություն է մշակում, և իրենք հետևում են այդ կանոններին, պատասխանատվության ենթարկելու հիմք իրոք չէր լինի: Բայց եթե շեղում կլինի, որովհետև այս պահին իրականում համավարակի դեմ պայքարի ու բուժման ողջ կոորդինացիան ամբողջ աշխարհում իրականացնում է ԱՀԿ-ն, այդ դեպքում արդեն հարցեր կծագեն:

– Առողջապահության նախարարի նույն այդ հակասական հայտարարությունները համավարակի սկզբում, ապա՝ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր առնչություններով՝ դիմակ կրելու, դրա տեսակի, վարակի վտանգավորության, արդյո՞ք ապակողմնորոշիչ չեն մարդկանց համար: Ինչպե՞ս կարող է հասարակությունը հավատալ ու վստահել առողջապահության նախարարին, օրինակ, եթե մեկ մի բան է ասվում, մեկ՝ բոլորովին այլ բան:

– Բնականաբար, նման հարց ծագում է, երբ մարդ կարճ ժամանակահատվածում ստանում է իրար հակասող տեղեկատվություն: Եթե այդ հակասող տեղեկատվությունը եղել է անձի սեփական նախաձեռնությամբ, մոլորության մեջ է գցել նա, ապա, այո, հարց ծագելու է, թե ինչո՞վ է դա պայմանավորված եղել՝ գիտելիքների պակասո՞վ, թե՞ եղել են տեղեկատվություններ, որոնք մեզ հասանելի չեն եղել: Թող բացեն: Այստեղ խնդիր չի գնում որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Բացարձակ: Խնդիրը մի հարցի շուրջ է՝ ինչքանո՞վ են գործողությունները եղել իրավաչափ: Չպետք է որևէ մեկի թիրախավորել, լինի Հայաստանո՞ւմ, թե՞ որևիցե այլ երկրում: Խնդիրը մեկն է՝ որքանո՞վ է անձը կատարել իր պարտականությունները, ու վերջ: Տեսեք, ԱՀԿ-ի կողմից էլ եղել են տեղեկատվություններ, որոնք կարծես թե իրար հակասել են: Եթե մեզ մոտ հետևել են այդ կանոններին, այդ դեպքում թող ասեն՝ ո՞ւմ են հետևելու հետայսու: Սկսեմ նրանից, որ առողջապահության ոլորտի օրենսդրությունն այնքան թերի է համակարգված, որ այն շատ լուրջ խնդիրներ է առաջացնում պատասխանատվության ենթարկելու առումով: Եթե նայենք առանձին հիվանդությունների բուժման ուղեցույցներին, ապա Հայաստանում շատ դեպքերում դրանք կամ չկան, կամ այնքան ընդհանուր բնույթի են, որ պատասխանատվության ենթարկելը դառնում է պրոբլեմատիկ: Հիմա, երբ առկա է նոր ծագած հիվանդություն, որի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, անձին մեղադրել զուտ նրա համար, որ ինքը չուներ այդ տեղեկատվությունը, ճիշտ չի լինի, բայց եթե կա կառույց, ի դեմս ԱՀԿ-ի, որը համակարգում է, և մենք ընդունում ենք դա, ու նա տալիս է ցուցումներ, իսկ մենք դրանից շեղվում ենք, այ դա պետք է հիմնավորել՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Քրեական իրավունքում մենք ունենք «հիմնավորված ռիսկ» հասկացությունը: Եթե մարդը գնում է ռիսկի, ու հետևանքները կանխվում են, այս պարագայում, բնականաբար, ռիսկն արդարացված է, բայց եթե դա զուգակցվում է երրորդ անձանց զոհվելու վտանգի հետ կամ առաջացնում է աղետալի վիճակ, արդեն հարցեր են ծագում, թե ինչով են պայմանավորված շեղումները:

– Մեր երկրի պարագայում այսօր կարծես թե հենց այդ վիճակն է, և իշխանություններն էլ խոստովանում են, որ վարակի տարածումը դուրս է եկել կառավարելիության շրջանակներից: Կարո՞ղ ենք, այնուամենայնիվ, ասել, որ այս բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանային, եթե հարուցվեր քրեական գործ  ու կատարվեր ուսումնասիրություն: Միգուցե իսկապես հանցակազմ չկար, և ամեն ինչ ճիշտ էր արվել, բայց հասարակությունն իրավունք ունի դա իմանալ, այդպես չէ՞:

– Իհարկե, հասարակությունն իրավունք ունի իմանալ, և իշխանությունների տեսանկյունից էլ իրենք ավելի պաշտպանված կլինեին, եթե ամեն բան բացահայտ լիներ: Չեմ կարծում, թե այդ նյութերը գաղտնիք են պարունակում: Նման պարագայում պարզապես պետք է բացահայտ ներկայացնել ու վերջ դնել բոլոր խնդիրներին: Պետք չէ դրա շուրջ փոթորկել ընդհանուր կարծիքներ, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Եթե վստահ են, որ ամեն ինչ նորմալ է, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա: Ավելի լավ չէ՞՝ ամեն ինչ բացահայտվի ու մեկընդմիշտ վերջ դրվի նմանատիպ բոլոր քննարկումներին: Իսկ եթե խնդիրներ կան, այդ դեպքում հասկանանք՝ ո՞վ է դրա համար մեղավոր, ինչո՞վ է դա պայմանավորված եղել, և եթե գտնում ենք, որ հանցակազմի բոլոր հատկանիշները կան, թող այդ մարդը պատժվի:

– Կարծում եք՝ քաղաքական կոմպոնենտը դերակատարո՞ւմ ունի ՀՔԾ-ի կողմից այս քրեական գործի հարուցումը մերժելու հարցում:

– Թույլ տվեք այս հարցին չպատասխանել, որովհետև ես չեմ կարող իմանալ իրենց շարժառիթները: Օբյեկտիվորեն ես չգիտեմ՝ ո՞րն է քրգործը մերժելու շարժառիթը: Գուցե իրենք դրել են հիմնավորումներ, որոնք հրապարակման ժամանակ չեն երևացել, գուցե կան այլ գործոններ: Ինձ համար առավել նախընտրելի տարբերակ, իհարկե, կլիներ, որ ամբողջական հարցն ուսումնասիրվեր, լուսաբանվեր, քանի որ շատ զգայուն հարց է և բոլորին է հետաքրքրում՝ և բժշկական հանրությանը, և իրավաբաններին, և իրավապաշտպաններին: Ճիշտ կլիներ մեկընդմիշտ այդ հարցը քննել ու փակել: Կամ ժողովրդին ցույց տալ, որ ամեն ինչ արվել է՝ ելնելով նրա բարօրությունից, կամ գնալ երկրորդ ճանապարհով, այն է՝ կան մարդիկ, որոնք թերացել են, և եթե տեղեկատվությունը թաքցվել է միտումնավոր, իսկ այս հանցակազմն ուղղակի դիտավորություն է ենթադրում, ուրեմն թող նրանք պատժվեն:

Տեսանյութեր

Լրահոս